Աշխարհի առաջին բիոասիմիլացված վերականգնման համար նախատեսված գելը՝ կառուցվածքային դիսպերս համակարգը, որը հնարավորություն է տալիս վերականգնել ոսկրային հյուսվածքը 100% նույնականությամբ և բուժել, ներառյալ ոսկորների խոշոր հրազենային և բեկորային վնասվածքները, մշակել են Վոլգոգրադի պետական բժշկական համալսարանի մասնագետները:
Դրա մասին ռուսական ТАСС գործակալությանը հայտնել է դեղագործական գիտությունների դոկտոր, համալսարանի Պյատիգորսկի մասնաճյուղի (ПМФИ) դեղերի տեխնոլոգիայի ամբիոնի վարիչ Դմիտրի Կոմպանցևը։
«Մեր դեղամիջոցը սննդային և կառուցողական համալիր խառնուրդ է՝ ուժեղացված վերականգնող ակտիվացնողներով: Այս մոտեցումը մարմնին հնարավորություն է ընձեռում գործարկել ոսկրային հյուսվածքի վերականգնման սեփական մեխանիզմը:
Վերականգնված ոսկրային հյուսվածքի նույնականության մակարդակը 100% է, քանի որ այն սինթեզում են սեփական օստեոֆիտ բջիջները (ոսկրային հյուսվածքի մակաշերտերը):
Կոմպանցևը պարզաբանել է, որ ի տարբերություն շուկայում առկա փոխարինող ոսկրային բիոիներտ նյութերի, այս նյութը բուժիչ գործընթացներն ակտիվացնող խելացի համակարգ է։
Այն ներկայացված է ոչ թե իբրև ավանդական փոշու, այլ ոսկրային թերությունները լրացնող գելի տեսքով:
Սա ոչ միայն հարմարավետություն է ստեղծում վիրաբույժի համար, այլ նաև ապահովում է միջոսկրային արատի ավելի ամբողջական լրացում` խոր ներթափանցելով թաքնված խոռոչների մեջ, սերտ շփման մեջ մտնում վնասված հյուսվածքների հետ:
Նյութը կարելի է օգտագործել դիմածնոտային հատվածի ոսկրային հյուսվածքների վիրաբուժական միջամտությունների, ատամնաբուժության և վիրաբուժության մեջ՝ ոսկրային և աճառային հյուսվածքների թերությունները լրացնելու, ներառյալ՝ հրազենային և բեկորային վերքերի բուժման համար:
Դեղամիջոցն ապահովում է ոսկրային ինտեգրման բարձր կարողություն՝ իմպլանտի մակերեսին կենդանի ոսկրային բջիջների աճի գործընթացը, միաժամանակ խթանելով է ոսկրային ձևավորման բուժիչ և վերակազմող գործընթացները՝ ոսկրային հյուսվածքի վերականգնմամբ:
Մշակողների տվյալներով՝ տեխնիկան ներկայում փորձարկվել է ոսկրային մեծ արատներով կենդանիների վրա, որոնք չեն կարողացել ինքնուրույն վերականգնվել: Ուսումնասիրությունը ցույց է տվել. ոսկրային արատներն ամբողջությամբ վերականգնվել են սեփական լիարժեք ոսկրային հյուսվածքի շնորհիվ՝ սկզբնական հաստության վերականգնմամբ և նոր արյունատար անոթների ձևավորմամբ։
Սա Վոլգոգրադի պետական բժշկական համալսարանի գիտնականների առաջին հայտնագործությունը չէ, որը կօգնի, ներառյալ ռազմական գործողությունների մասնակիցներին, վերականգնել իրենց առողջությունը։
«Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից համալսարանում բացվել է Էկզոպրոթեզների կենտրոն, մշակվել են վերքերի արագ բուժման և կենսաքայքայվող վիրակապերի հատուկ սպունգեր, իսկ ուսանող Դմիտրի Բեկերը զինվորների համար հեղուկ զրահաբաճկոններ է հայտնագործել:
Գիտնականների նախագծերն ամբողջությամբ աջակցվում են, դրանց թվում՝ պետական դրամաշնորհներով»,- ասել է ՌԴ Առողջապահության նախարարության Վոլգոգրադի պետական բժշկական համալսարանի ռեկտոր, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Շկարինը։
Վոլգոգրադի պետական բժշկական համալսարանը Վոլգոգրադի հնագույն համալսարաններից է և Ռուսաստանի առաջատար բժշկական համալսարաններից մեկը: Այն բացվել է 1935 թվականին որպես Ստալինգրադի բժշկական ինստիտուտ։
Իսկ 2012 թվականին Վոլգոգրադի պետական բժշկական համալսարանը տարբեր մակարդակների ուսանողների թվով դարձավ Ռուսաստանի խոշորագույն բժշկական և դեղագործական համալսարաններից մեկը:






