Մադրիդում գործող «Կառլոս III» հիվանդանոցի ներկայացուցիչներից մեկի հաղորդմամբ, բուժհաստատության խնամքի տակ գտնվող՝ Էբոլա հեմոռագիկ տենդով ախտորոշված իսպանացի բուժքրոջ մոտ վիճակի կայունացում է նկատվում: Ավելի վաղ Մադրիդի առողջապահական ծառայության ղեկավար Խավիեր Ռոդրիգեսը տեղեկություն էր հաղորդել այն մասին, որ Թերեզա Ռոմերոն ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում, հիշեցնում է FoxNews-ը: 

Հիշեցնենք, որ իսպանուհին Արեւմտյան Աֆրիկայի՝ հեմոռագիկ տենդի ճիրաններում հայտնված երկրների սահմաններից դուրս Էբոլայով վարակված առաջին հիվանդն է հանդիսանում: Նա մահացու վտանգավոր հիվանդությամբ ախտորոշված իսպանացի միսիոներներից մեկի խնամքն իրականացնելիս է վարակվել: