Հարվարդի բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մակարդակների, ինչպես նաեւ զարկերակային ճնշման մշտադիտարկումը շաքարային դիաբետ ունեցող մարդկանց չի պաշտպանում սրտային եւ անոթային հիվանդություններից։ Հետազոտության արդյունքները ներկայացվել են Բոստոնում, էնդոկրինոլոգիայի ամենամյա ժողովի (ENDO 2024) կայքում։
Սրտի հիվանդությունները 1-ին տեսակի շաքարային դիաբետ ունեցող մարդկանց մահվան հիմնական պատճառն են, հատկապես այն մարդկանց, որոնք ունեն երիկամային բարդություններ։ Ներկայում շնորհիվ բուժսպասարկման բարձր որակի՝ բոլոր պացիենտների մոտ չէ, որ առաջանում է նեֆրոպատիա։ Սակայն սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը մնում է բարձր։
Գիտնականներն այս եզրահանգումն արել են դիաբետիկների խմբի դիտարկումների արդյունքում, որոնք հայտնի են որպես «մեդալիստներ»։ Դրա մեջ մտնում են շաքարային դիաբետ ունեցող մարդիկ, որոնք կարողացել են հասնել կյանքի տեւողության երկարացման եւ դրա որակի բարելավման զարկերակային ճնշման եւ արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մշտական վերահսկման շնորհիվ։
Հետազոտության ընդհանուր խմբից (հազար մարդ) 153-ը համակարգչային տոմոգրաֆիա է անցել՝ պարզելու համար կալցիումի նստվածքը սրտի արյունատար անոթներում, իսկ 111-ը՝ մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա սրտի ընդհանուր կառուցվածքը եւ նրա մխոցային ունակությունը պարզելու համար։ Արդյունքները ցույց են տվել, որ դիաբետիկների մոտ իսկապես ավելի հաճախ է հանդիպում կորոնար զարկերակների կալցինոզ, որը հանգեցնում է սրտային հիվանդությունների։ Պարզվել է նաեւ, որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը «մեդալիստների» մոտ սերտորեն կապված է այդպիսի պաթոլոգիաների հետ։
Հետազոտողները նշել են, որ «մեդալիստների» մոտ 40 տոկոսը տեղեկացնում է սրտի եւ անոթների հիվանդությունների առկայության մասին։ Նրանք հուսով են, որ իրենց աշխատանքի արդյունքները կնպաստեն նոր դեղերի ստեղծմանը, որոնք կնշանակվեն սրտային հիվանդությունների բուժման համար առաջին տեսակի դիաբետի դեպքում։






