Արեւելյան Փարիզի համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ պրեէկլամպսիան կապված է կանանց մոտ վաղ դեմենցիայի առաջացման բարձր հավանականության հետ։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network Open-ում։

Պրեէկլամպսիան հղիության, ծննդաբերության եւ հետծննդաբերական շրջանի բարդություն է, որը սովորաբար առաջանում է հղիության 20-րդ շաբաթից ոչ շուտ զարկերակային ճնշման կտրուկ բարձրացմամբ՝ պրոտեինուրիայի համադրմամբ (սպիտակուցի առկայություն մեզում)։

Հետազոտության ընթացքում գիտնականները փորձել են պարզել, թե ինչպես է նման պաթոլոգիան ազդում կանանց ուղեղի առողջության եւ կոգնիտիվ ունակությունների վրա երկարաժամկետ հեռանկարում։ Նրանք դրա համար հրավիրել են 1 966 323 կամավորների։ Գիտնականները հավաքել են տեղեկություններ փորձարկվողների առողջության մասին եւ ուսումնասիրել հղիության ընթացքի եւ ծննդաբերության առանձնահատկությունները։ Նշվել է, որ տեղեկություն հավաքելուց հետո մասնակիցներին հետեւել են ինը տարի։

Պարզվել է, որ հիպերտենզիոն խախտումներ չունեցող կանանց համեմատ պրեէկլամպսիա ունեցող կանանց մոտ բարձր է եղել դեմենցիայի առաջացման վտանգը երիտասարդ տարիքում։ Երբ պրեէկլամպսիան առաջացել է մինչեւ հիղության 31-րդ շաբաթը կամ գումարվել է քրոնիկական հիպերտոնիային, այդ հիվանդության առաջացման հավանականությունն ավելի բարձր է եղել։ Սակայն ծանր պրեէկլամպսիան չի կապվել վաղ դեմենցիայի բարձր ռիսկի հետ։