«Արաբկիր» բժշկական համալիրի ռևմատոլոգիական ծառայության ղեկավար Գայանե Խլոյանը Մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի կազմակերպած ամենամյա մանկաբուժական դպրոցի մասնակիցներին ներկայացրել է պատանեկան իդիոպաթիկ արթրիտը և այս հիվանդության դեմ պայքարի նորագույն մեթոդները։
NEWS.am Medicine–ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ պատանեկան կամ յուվենիլ իդիոպաթիկ արթրիտը հոդերի բորբոքում է, որը քրոնիկ բնույթ ունի, պահանջում է մշտական հսկողություն և չունի վերջնական բուժում։ Ծագումն անհայտ է։
«Դա նշանակում է, որ մենք ծնողին երբեք չենք կարող ասել. Մի անգամ էլ եկեք, այս դեղն էլ խմեք, ձեր երեխան առողջ կլինի։ Այսինքն, առողջացում մենք չունենք որպես այդպիսին, այլ ունենք լավացում, երբ սիմպտոմները նվազագույնին են հասցվում, երբ լաբորատոր նշանները նորմալանում են, և երբեմն հնարավոր է լինում անգամ տարիներ երեխաների կյանքն առանց որևէ դեղի։ Սակայն երբեք չի բացառվում, որ գանգատները հետ կգան», - ասաց նա։
Մասնագետը նշեց՝ յուվենիլ իդիոպաթիկ արթրիտը մանկական ամենատարածված ռևամոտոլոգիական հիվանդությունն է։ Աշխարհում այս հիվանդության տարածվածությունը 2-16 դեպք է 10 000 բնակչության հաշվարկով։ Հայաստանում հիվանդացության հստակ վիճակագրություն չկա, բայց «Արաբկիր» համալիրի մանկական ռևմատոլոգիական դիսպանսերում, որը միակն է Հայաստանում, հաշվառված է այս հիվանդությամբ մոտ 290 երեխա։
Ախտանշաններն են երեխայի որևէ հոդի շրջանում այտուցը, կարմրությունը, ցավը։ Բայց երբեմն ախտանիշները կարող են հստակ արտահայտված չլինել։ Ծնողները պետք է ուշադիր լինեն. պատահում է, որ երեխան ուղղակի սկսում է կաղալ, կամ չի օգտագործում ձեռքը։
«Սովորաբար դա երեխան խնայում է ցավի պատճառով, այսինքն, մաքսիմալ հարմար դիրք է ընդունում վերջույթի համար կամ չի շարժում, որ ցավը չզգա։ Բայց երբեք չի արտահայտում որեւէ գանգատ։ Այդ դեպքում ծնողը աչալուրջ պետք է լինի», ասաց Գայանե Խլոյանը։
Մասնագետը նշում է. ծնողներին անհանգստացնում են հատկապես արթրիտի բուժման համար կիրառվող հորմոնալ դեղերը։ Եվ հավելում՝ բժիշկները ձգտում են երեխաների բուժման համար հորմոնները հնարավորինս քիչ կիրառել։
«Օգտագործվում են ստերոիդներն այն դեպքում, երբ ուրիշ միջոց չունենք։ Բայց պետք է ի նկատի ունենալ, որ անգամ ստերոիդներ ստանալու դեպքում երեխաները հսկվում են, ոչ միայն հիվանդության կապակցությամբ, այլ դեղի հնարավոր կողմնային երևույթների կապակցությամբ», – ասաց ռևմատոլոգը։
Լավ նորությունն այն է, որ վերջին տարիներին այս հիվանդության բուժման համար մշակվել են այսպես կոչված կենսաբանական դեղամիջոցներ։ Դրանք ճնշում են իմունիտետը, որի չափազանց բարձր ակտիվությունն է խթանում բորբոքային պրոցեսները օրգանիզմում։ Այս դեղերից տոցիլիզումաբը Հայաստանում այս տարվանից երեխաներին անվճար է տրամադրվում։
«Նորույթն այն է... Դրանք կենսաբանական դեղերն են, որոնք հեղաշրջում են առաջացրել ռևմատոլոգիայում, և մանկական ռևմատոլոգիայում ևս։ Եվ մենք առաջին անգամ որ կիրառեցինք, դա 2013 թվականն էր, երբ այդ դեղերը մեծ արժեք ունեին, շատ թանկ էին։ Սպոնսորների միջոցով կարողացանք կազմակերպել, մի քանի երեխաների կարելի է ասել կյանքը փրկել։ Բայց հիմա ուրախությամբ կարող եմ հայտնել, որ մենք ունենք կենսաբանական դեղեր, որոնք ստանում ենք պետպատվերի սահմաններում, պետության կողմից, որոնք ստանում են ինչպես հիվանդանոցում գտնվող այնպես էլ դիսպանսերում հսկվող երեխաները»։
Յուվենիլ իդիոպաթիկ արթրիտի կանխատեսումը հետևյալն է. 30 տարեկանում պացիենտների 30-90 տոկոսի մոտ հիվանդությունն ակտիվ է, հնարավոր է՝ այն հանգեցնի ցմահ հաշմանդամության։ Բժիշկը հույս ունի, որ նոր կենսաբանական դեղերով թերապիան հնարավորություն կտա այս ցուցանիշը պահել նվազագույն շեմի սահմանում։ Դրա համար շատ կարևոր է նաև հիվանդությունը ժամանակին ախտորոշելն ու բուժումը ժամանակին սկսելը։
Հիվանդության արդիականությունից ելնելով են մանկաբուժական դպրոցի այս տարվա դասընթացներում ներառել նաեւ յուվենիլ իդիոպաթիկ արթրիտը։
«Մասնակցում է դասընթացին 150–200 մանկաբույժներ, բժիշկներ, ընտանեկան բժիշկներ, մանկական նեղ մասնագետներ Երևանից և Հայաստանի տարբեր մարզերից։ Իհարկե նպատակը կրթական է, ....դա նաև թույլ է տալիս մանկաբույժներին արդիականացնել իրենց գիտելիքները և ստանալ նոր տվյալներ, նոր տեղեկատվություն մանկաբուժական արդիական թեմաների վերաբերյալ, և նաև դա համարվում է շարունակական մասնագիտական զարգացման ծրագրի մի մաս», – NEWS.am Medicine-ի թղթակցին ասաց մանկական բժիշկների հայկական ասոցիացիայի տնօրեն Եվա Մովսեսյանը։
Պատանեկան իդիոպաթիկ արթրիտ` ժամանակակից դեղերով բուժումը հասանելի է նաև Հայաստանում





