Այս սեզոնի շոգի առաջին ալիքը արդեն մոլեգնում է ԱՄՆ հարավ-արեւմուտքում, իսկ Ֆինիքս քաղաքի (Արիզոնայի նահանգ), որն Ամերիկայի ամենաշոգ քաղաքն է, հրշեջները կիրառում են նոր մարտավարություն՝ հուսալով, որ կարող են ավելի շատ կյանքեր փրկել օկրուգում, որտեղ անցած տարի շոգից մահացել է 645 մարդ, տեղեկացրել է Medical Xpress-ը։

Այս սեզոնից սկսած՝ Ֆենիքսի հրշեջ ծառայությունը ջերմային ալիքից տուժածներին մտցնում է սառույցի մեջ շրջանային հիվանդանոցի ճանապարհին։ Հրշեջ ծառայության կապիտան Ջոն Պրատոյի խոսքով՝ այս բժշկական մեթոդը, որը հայտնի է որպես ընկղմում սառը ջրում, ծանոթ է մարաթոնի վազորդներին եւ զինծառայողներին, եւ վերջերս ընդունվել է Ֆենիքսի հիվանդանոցների կողմից որպես բազային միջոց։

Նրա խոսքով՝ այս մեթոդը կարող է զգալիորեն իջեցնել մարմնի ջերմաստիճանը հաշված րոպեներում։

«Միայն անցած շաբաթ մենք ունեցել ենք կրիտիկական պացիենտ, որին կարողացանք կյանք վերադարձնել շտապօգնության բաժին հասնելուց առաջ,- պատմել է Պրատոն։- Մեր նպատակն է՝ բարձրացնել պացիենտների ողջ մնալու հնարավորությունը»։

Մարդկային հասակի չափ ունեցող պարկերը, որոնք նախատեսված են ջերմային հարված ստացած պացիենտներին օգնելու համար, դարձել են Ֆենիքսի հրշեջ ծառայության բոլոր մեքենաների ստանդարտ սարքերը։

Սա միջոցներից մեկն է, որոնք ընդունվել են քաղաքում, քանի որ ջերմաստիճանը եւ զոհերի թիվը մշտապես բարձրանում են։ Այս սեզոնին Ֆենիքսն առաջին անգամ պահելու է հովացման երկու կայան ողջ գիշերվա համար։

Իսկ օդրեւեութաբանները առաջիկա օրերին կանխատեսում են +43,3 աստիճան Ֆենիքսում եւ Լաս Վեգասում։