Ozempic-ը և Wegovy-ը՝ շաքարային դիաբետի և ճարպակալման դեմ հեղափոխական դեղամիջոցները, կարող են նվազեցնել քաղցկեղի մի քանի տեսակների վտանգը 20-50%-ով։ Դրա մասին հայտնել է Daily Mail պարբերականը։
GLP-1 ագոնիստները դեղերի նոր դաս են, որոնք ներառում են Ozempic և Wegovy ներարկային դեղամիջոցները, որոնք ճարպակալման և 2-րդ տիպի շաքարախտի բուժման գործում հեղափոխություն են արել: Ապացուցված է, որ նշված դեղամիջոցների ընդունումը միաժամանակ նվազեցնում է ուղեղի կաթվածի և սրտի կաթվածի ռիսկը:
Նոր հետազոտության ընթացքում ամերիկացի գիտնականները վերլուծել են ճարպակալումից տառապող ավելի քան 34 հազար հիվանդների տվյալները։ Նրանցից ոմանք ենթարկվել են ստամոքսի ծավալը նվազեցնելու վիրահատության, մյուսները բուժվել են Ozempic և Wegovy ագոնիստներով։
Գիտնականները մոտ մեկ տարի շարունակ հետևել են հիվանդների վիճակին։ Ճարպակալմամբ քաղցկեղային ուռուցքների (կրծքագեղձի, աղիքների և լյարդի քաղցկեղի) ռիսկի նվազումը նույնն է եղել թե՛ դեղամիջոցներով բուժման, թե՛ վիրահատությունների դեպքում. 19%:
Հարվարդի համալսարանի մեկ այլ հետազոտության ընթացքում գիտնականները վերլուծել են կրծքագեղձի քաղցկեղից և 2-րդ տիպի շաքարախտից տառապող 1448 կանանց տվյալները:
Հիվանդների կեսն ընդունել է Ozempic և Wegovy: Հինգ տարվա ընթացքում նրանց մահվան ռիսկը ցածր է եղել 33%-ով, իսկ ուղեղի կաթվածի և սրտի կաթվածի ռիսկը՝ 41%-ով:
2-րդ տիպի շաքարախտով 1,2 միլիոն հիվանդների տվյալների վերլուծությունը ցույց է տվել, որ Ozempic-ով կամ Wegovy-ով բուժվելիս աղիների քաղցկեղի ռիսկը նվազել է 50%-ով (ինսուլին ստացողների համեմատ):
Հետազոտության հեղինակներն ընդգծել են, որ Ozempic-ի և Wegovy-ի պաշտպանիչ ազդեցությունն ապացուցելու համար անհրաժեշտ կլինեն լրացուցիչ ուսումնասիրություններ։






