Ջոնս Հոփկինսի համալսարանին առընթեր բժշկական դպրոցի գիտնականները պարզել են, որ երկարաժամկետ COVID-19-ը կապված է էրեկտիլ դիսֆունկցիայի (այլ կերպ ասած՝ իմպոտենցիայի) զարգացման բարձր ռիսկի հետ: Հետազոտության արդյունքները հրապարակվել են IJIR: Your Sexual Medicine հանդեսում:
Հետազոտությունը ներառել է մոտավորապես 109 միլիոն հիվանդ ԱՄՆ 81 առողջապահական կազմակերպություններից: Մասնակիցների տվյալներն ի մի են բերվել մինչև 2023 թվականի հունիսը և ներառել են առողջության էլեկտրոնային գրառումներից, ժողովրդագրական տվյալներից, ախտորոշումներից (ICD-10 ծածկագրեր) և բուժման հանձնարարականներից ստացված տեղեկատվությունը:
Վերջնական ընտրանքը ներառում էր 18 տարեկանից բարձր 184 հազար 253 տղամարդ, որոնց մոտ 2020 թվականի դեկտեմբերի 1-ից մինչև 2023 թվականի հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածում COVID-19 էր ախտորոշվել։ Նրանցից 2839-ը (1,5%) ի հայտ է բերել ձգձգվող COVID-19-ը՝ նախնական ախտորոշումից առնվազն չորս շաբաթ անց, մինչդեռ 181 հազար 414-ի (98,5%) մոտ հիվանդությունը բավական ծանր է ընթացել:
Գիտնականները հայտնաբերել են նաև, որ ձգձգվող COVID-19-ով հիվանդների 3,63%-ի շրջանում ախտորոշվել է էրեկտիլ դիսֆունկցիա կամ նշանակվել են PDE5 ինհիբիտորներ (անոթները լայնացնող դեղամիջոցներ՝ տղամարդու սեռական կարողությունը բարձրացնելու համար):
COVID-19 ունեցող մասնակիցների միայն 2,61%-ի մոտ է ախտորոշվել էրեկտիլ դիսֆունկցիա: Հետազոտողները նշել են, որ իրենց աշխատանքը ցույց է տալիս երկարաժամկետ COVID-19-ի եզակի ազդեցությունը սեռական առողջության վրա։ Այս բացահայտումների հիմքում ընկած կոնկրետ մեխանիզմները բացահայտելու համար ավելի խոր հետազոտություն է պահանջվում:






