Բարաք Օբամայի վարչակազմը պատրաստվում է, Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պայքարի շրջանակում, Միացյալ Նահանգների տարածքում գործող օդանավակայաններում ուղեւորների առողջական վիճակի ստուգման նոր համակարգ գործարկել: Այսուհետ Լիբերիայից, Սիերա Լեոնեից եւ Գվինեայից ԱՄՆ հինգ օդանավակայաններ ժամանող ուղեւորները հատուկ զննում են անցնելու:
Մինչ այդ, ի՞նչ է արվում՝ Էբոլայով վարակված մարդկանց թռիչքը կանխելու նպատակով
Արեւմտյան Աֆրիկայի՝ մահացու վտանգավոր հիվանդության ճիրաններում հայտնված երեք երկրներից՝ Լիբերիայից, Սիերա-Լեոնեից եւ Գվինեայից մեկնող բոլոր ուղեւորները տեսողական զննման եւ ջերմաչափման են ենթարկվում, ինչպես նաեւ հարցաշար լրացնում: Վերջին երկու ամիսների ընթացքում, հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի հավաստիացմամբ, շուրջ 36 հազար ստուգում է իրականացվել, որոնց ընթացքում հիշյալ երկրների տեղական իշխանությունները հեմոռագիկ տենդին հատուկ ախտանշաններ դրսեւորող 77 ուղեւոր են հայտնաբերել, որոնց եւ ոչ մեկի ախտորոշումը հետագայում չի հաստատվել:
Այդուհանդերձ, ԱՄՆ օդանավակայաններ ժամանող ուղեւորները նաեւ արտաքին զննում են անցնում. The Wall Street Journal-ի հաղորդմամբ, միջոցառման իրականացումը մաքսային եւ սահմանապահ ծառայության աշխատակիցներին է վստահված:
Ի՞նչ միջոցառումներ է նոր համակարգը ենթադրում
Անձնագրային ստուգում իրականացնող անցակետը հատելուց հետո Լիբերիայից, Գվիենայից եւ Սիերա-Լեոնեից ԱՄՆ 5 օդանավակայաններ ժամանած ուղեւորներն այսուհետ ստիպված կլինեն առանձնանալ մյուսներից՝ մաքսային եւ սահմանապահ ծառայության աշխատակիցների՝ առողջական վիճակի, Էբոլայով հիվանդ մարդկանց հետ հնարավոր շփումների եւ ԱՄՆ տարածքում բնակության հասցեի եւ այլ կոնտակների վերաբերյալ հարցերին պատասխանելու, այնուհետեւ էլ՝ ջերմաչափման ենթարկվելու համար:
Միջոցառումների մեկնարկը հոկտեմբերի 11-ին՝ Նյու-Յորքում՝ Քենեդիի անվան միջազգային օդանավակայանում կտրվի, առաջիկա օրերին էլ Չիկագոյի Օ’Հարեի անվան, Ատլանտայի՝ Հարցֆիլդ-Ջեքսոն, Վաշինգտոնի՝ Դուլս եւ Նյու Ջերսիում գործող Նյուարք Լիբերթի միջազգային օդանավակայանները կհաջորդեն:
Ի՞նչ քայլեր են իրականացվելու, եթե ուղեւորի մոտ տենդ հայտնաբերվի, կամ տեղեկություն ստացվի առ այն, որ շփում է ունեցել Էբոլայով ախտորոշված հիվանդի հետ
Հիշյալ պարագայում հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի աշխատակիցը պետք է ուղեւորին հիվանդանոց ուղեգրելու կամ առողջապահական ոլորտը ներկայացնող տեղական պաշտոնյաների վերահսկողությանը հանձնելու մասին որոշում կայացնի: Եթե ուղեւորը տեղեկացնում է, որ շփում է ունեցել Էբոլայով հիվանդի հետ, մինչ ինկուբացիոն ժամանակաշրջանի ավարտը՝ շփման պահից ի վեր 21-րդ օրը, առնվազն ջերմաչափում պետք է իրականացվի:
Քանի՞ ուղեւոր է ստուգվելու
Սպիտակ Տան հաղորդմամբ, հիշյալ երեք աֆրիկյան երկրներից օրական շուրջ 150 ուղեւոր է ԱՄՆ տարածք մուտք գործում, որոնց 94 տոկոսը՝ 5 օդանավակայանների ուղղությամբ:
Համակարգն ինչպե՞ս է այլ ուղեւորների վրա ազդելու
Երեք աֆրիկյան երկրների հետ առնչություն չունեցող ուղեւորների համար համակարգը նվազագույն փոփոխություն է ենթադրում: Ստուգման ենթակա ուղեւորների բաժինն ընդհանուր հոսքի ընդամենը մեկ տոկոսն է կազմում: Բացի այդ, հավելյալ զննումը, կուտակումներից խուսափելու նպատակով, առանձին տարածքում է իրականացվելու:
Ինչպիսի՞ ռիսկի են ուղեւորները ենթարկվում
ԱՄՆ առողջապահական ոլորտի ներկայացուցիչների հավաստիացմամբ, ուղեւորների մոտ ինքնաթիռում Էբոլայով հիվանդ մարդուց վարակվելու չափազանց փոքր ռիսկ է գործում: Հիվանդությունը օդակաթիլային ճանապարհով չի փոխանցվում: Բացի այդ, միայն մահացու վտանգավոր տենդին հատուկ ախտանշանները՝ գլխավորապես՝ բարձր ջերմություն դրսեւորող մարդիկ կարող են վարակիչ լինել: Իսկ նման հիվանդների՝ ինքնաթիռում հայտնվելու հավանականությունը վարակված երներում գործող արարողակարգերի շնորհիվ է նվազագույնի հասցվում:






