Օրերս Վեդիի և Արտաշատի ԲԿ-ների բժիշկները ահազանգել են «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպություն և հայտնել, որ փետրվարից աշխատավարձ չեն ստացել: Այս մասին NEWS.am Medicine-ին հայտնեցին «Առողջության իրավունք» ՀԿ-ից:
Ահազանգած բժիշկների խոսքով, բուժհաստատությունների ադմինիստրացիայում իրենց պարզաբանում են, որ չեն կարող վճարել աշխատավարձերը, քանի որ առողջապահության նախարարությունն իրենց չի վճարել կատարած ծառայությունների դիմաց:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում Արտաշատի բժշկական կենտրոնի բժիշկները հաստատեցին, որ փետրվար–մարտ ամիսներին ընդամենը մի քանի բժիշկ է ստացել աշխատավարձ՝ այն էլ մասամբ, ապրիլի աշխատավարձն էլ ընդհանրապես ոչ ոք չի ստացել:
«Փետրվարին գրեթե բոլոր բուժքույրերն ու մայրապետերը ստացել են աշխատավարձ, մի քանի բժիշկ երևի չի ստացել: Մարտին բժիշկների 5-7 տոկոսն է ստացել՝ նրանցից ընդամենը երկու տոկոսն ամբողջությամբ, մյուսները՝ մասամբ: Ապրիլին ընդհանրապես չենք ստացել: Տնօրինությունն ասում է՝ նախարարությունից ֆինանսավորումը մասամբ ենք ստանում»,-պատմեցին բժիշկները:
Վեդիի բժշկական կենտրոնի տնօրեն Արամայիս Գրիգորյանը և Արտաշատի բժշկական կենտրոնի տնօրեն Հայկ Համբարձումյանը մեզ հետ զրույցում հերքեցին ստացված տեղեկությունը՝ շեշտելով, որ աշխատավարձը ընդամենը մեկ ամիս են ուշացրել. հիմա արդեն նման խնդիր չկա: Բուժհաստատությունների տնօրենները նշեցին նաև, որ սահմանված կարգով առողջապահության նախարարությունից ստացել են իրենց հասանելիք գումարները:
«Առողջության իրավունք» հասարակական կազմակերպությունը հարցումով դիմել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ պարզելու համար, արդյո՞ք առողջապահության նախարարությունը պարտք է բուժհաստատություններին:






