Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը տեղեկացրել է A(H5N2) թռչնագրիպով մարդու վարակման աշխարհում առաջին դեպքի մասին։ Վարակումը տեղի է ունեցել Մեքսիկայում, տեղեկացրել է ԱՀԿ Ժնեւի կենտրոնակայանը՝ գնահատելով մարդկանց շրջանում հիվանդության հետագա տարածման վտանգը որպես ցածր։

Մեքսիկայի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել են «A(H5N2) թռչնագրիպով մարդու վարակվելու մասին, որը հայտնաբերվել է Մեխիկոյի նահանգի բնակչի մոտ»։ «Սա աշխարհում գրանցված եւ լաբորատոր հաստատված առաջին դեպքն է եւ H5 վիրուսով մարդու առաջին վարակումը, որը գրանցվել է Մեքսիկայում»,- նշված է հաղորդագրությունում։

ԱՀԿ-ում ընդգծել են, որ «վարակի աղբյուրը ներկայում հայտնի չէ»։ Հյատնի է, որ «A(H5N2) վիրուսները հայտնաբերվել են ընտանի թռչունների մոտ Մեքսիկայում»։ Երկրի առողջապահության մարմինները հետաքննություն են իրականացնում, որպեսզի պարզեն վարակի հավանական աղբյուրը։ Առկա տեղեկատվության հիման վրա «ԱՀԿ-ն որպես ցածր է գնահատում ընթացիկ ռիսկը՝ կապված այս վիրուսի հետ»։

Խոսքը Մեխիկոյի 59-ամյա բնակչի մասին է, որը «շփումներ չի ունեցել ընտանի թռչունների կամ այլ կենդանիների հետ»։ Նա մի քանի հիմնական հիվանդություններ է ունեցել։  Նրա ազգականները տեղեկացրել են, որ մինչեւ սուր ախտանշանների ի հայտ գալը «նա արդեն գամված էր անկողնուն երեք շաբաթ, այլ պատճառներով»։ Ապրիլի 17-ին պացիենտն ունեցել է տենդ, շնչահեղձություն, լուծ, սրտխառնոց եւ ընդհանուր թուլություն։ Ապրիլի 24-ին նա դիմել է բուժօգնության համար եւ տեղափոխվել շնչառական հիվանդությունների ինստիտուտ ու «մահացել նույն օրը բարդությունների պատճառով»։

ԱՀԿ-ում նշել են, որ «ամեն անգամ, երբ թռչնագրիպի վիրուսները շրջանառվում են ընտանի թռչունների շրջանում, կա վարակվելու ռիսկ դրանց հետ շփվող մարդկանց համար»։ Ուստի, «մարդկանց հիվանդության սպորադիկ դեպքերը անսպասելի չեն»։ Ավելի վաղ տեղեկացվել էր H5 այլ ենթատեսակներով մարդկանց վարակվելու դեպքերի մասին, ներառյալ A(H5N1), A(H5N6) եւ A(H5N8) վիրուսները։

Առկա համաճարակաբանական եւ վիրուսաբանական տվյալները վկայում են, որ A(H5) վիրուսները «ձեռք չեն բերել մարդկանց միջեւ փոխանցվելու ունակություն, ուստի ներկայում կայուն տարածման հավանականությունը մարդուց մարդուն ցածր է», փաստել են ԱՀԿ-ում։