Բելգիայի Մերձարեւադարձային բժշկության ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են, որ սպիրտային ողողիչների օգտագործումը զգալիորեն ավելացնում է պայմանական-պաթոգեն մանրէների քանակությունը բերանի խոռոչում։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Medical Microbiology-ում (JММ)։
Հետազոտողները բացատրել են, որ բերանի խոռոչի միկրոբիոմը մանրէների այն ամբողջությունն է, որն ապրում է բերանում։ Առողջ միկրոբիոմն օգնում է արդյունավետորեն մարսել սնունդը եւ պահպանել բերանի խոռոչի առողջությունը։ Այդ միկրոբիոմի բաղադրության փոփոխությունները կարող են դառնալ պարոդոնտի (գինգիվիտ, պարոդոնտիտ, պարոդոնտոզ) հիվանդությունների եւ քաղցկեղի որոշ տեսակների առաջացման պատճառ։
Նոր գիտական աշխատանքի արդյունքները ցույց են տվել, որ որոշ հիգիենիկ միջոցներ կարող են անբարենպաստ ազդեցություն ունենալ բերանի խոռոչի միկրբիոմի վրա։ Խոսքը բերանի խոռոչի սպիրտային հիմք ունեցող ողողիչների մասին է։ Հետազոտողները հայտնաբերել են, որ այդ միջոցների ամենօրյա օգտագործումը երեք ամիս շարունակ ավելացրել է պայմանական-պաթոգեն երկու տեսակի մանրէների՝ Fusobacterium nucleatum-ի եւ Streptococcus anginosus-ի քանակությունը բերանի խոռոչում։






