Որոշ մարդիկ հարթ ոտնաթաթով են ծնվում կամ վաղ տարիքում, գենետիկ առանձնահատկությունների կամ նյութափոխանակության խանգարման արդյունքում, ոտնաթաթի կամարի այս կամ այն դեֆորմացիան ձեռք բերում: Սակայն լինում են նաեւ դեպքեր, երբ հարթաթաթությունը տարիների ընթացքում է առաջանում, ինչը մեղավորը մարդու կենսակերպը կամ մասնագիտությունը կարող է լինել:

Եվ այսպես՝ ո՞ւմ մոտ կարող է ձեռքբերովի հարթաթաթություն առաջանալ: Ովքե՞ր են ռիսկի խմբում ընգրկված: Թեմայի շուրջ NEWS.am Medicine-ի թղթակիցը օրթոպեդ-մեխանիկ Արթուր Գալանտերյանի հետ է զրուցել:

Ո՞ր մասնագիտություններն են ռիսկի խմբում ընգրկված

Հարթաթաթության նկատմամբ առավել խոցելիությամբ ոտքի վրա երկար ժամանակ անցկացնող մարդիկ են աչքի ընկնում: Ռիսկի խումբն, առաջին հերթին, բժիշկները, ուսուցիչները, վաճառողներն ու մենեջերներն են ներկայացնում, որոնք ողջ աշխատանքային օրվա ընթացքում այս ու այն կողմ են անում կամ կանգնած մնում, ընդ որում՝ ոչ այնքան հարամարվետ ու ճիշտ կոշիկներ կրելով:

Ինչո՞վ է խնդրի անտեսումը հղի

Ոտքերի՝ երկար քայլքի արդյունքում ի հայտ եկող ցավը միակ խնդիրը չէ, որ հարթ ոտնաթաթերի շնորհիվ կարող է առաջանալ:  Առողջ ոտնաթաթը, ամորտիզատորի սկզբունքով, քայլից ծնված իմպուլսները հանգցնելու եւ այդ կերպ ողնաշարը պաշտպանելու հատկություն ունի: Իսկ հարթաթաթության պարագայում այդ իմպուլները փոխանցվում են՝ կմախքն ի վեր եւ անցանկալի ճնշում գործադրում՝ ողնաշարի, հոդերի եւ գանգի վրա:

Հարթաթաթության պատճառով կարող են այլ խնդիրներ եւս, մասնավորապես՝ ոտնաթաթի ոսկրային կառույցի արթրոզ, հենային վեկտորների փոփոխություն եւ արյան շրջանառության խանգարում առաջանալ: Ավելին՝ նույնիսկ մարդու հիշողությանը, լսողությանը եւ տարածության մեջ կողմնորոշվելու կարողությանը կարող է վնաս հասցվել: Շատերը չեն հասկանում կամ պարզապես չեն պատկերացնում, թե արտաքինից պարզունակ թվացող հարթաթաթության հրահրմամբ ինչպիսի փոփոխություններ կարող են տեղի ունենալ օրգանիզմում:

Է՞լ ինչը կարող է հարթաթաթության առաջացմանը նպաստել

Բնականաբար, ոտքերի նկատմամբ հավելյալ ճնշումը եւ անհարմար կոշիկները ձեռքբերովի հարթաթաթության առաջացման միակ պատճառը չեն: Երեւույթի զարգացմանը նպաստող բոլոր գործոնները մինչ այժմ էլ լիովին պարզաբանված չեն, սակայն մասնագետները ռիսկի գործոնների շարքում նաեւ ճարպակալումը, հղիության ընթացքում սննդառության խանգարումը եւ սննդամթերքի ցածր որակն են նշում: