Պերֆտորալկիլային եւ պոլիֆտորալկիլային միացությունները՝ ՊՖԱՄ-ները, «հավերժական քիմիկատներ» են, որոնք բնության մեջ չքայքայվող նյութեր են։ Դրանք կարող են կապված լինել կանանց սիրտ-անոթային հիվանդությունների բարձր ռիսկի հետ դաշտանադադարի ժամանակ։ Այս մասին վկայում է Toxicological Sciences ամսագրում հրապարակված հետազոտությունը։
ՊՖԱՄ-ը կիրառում են չայրվող ծածկով ամանեղենի, անջրաթափանց գործվածքեղենի եւ այլ առարկաների արտադրության համար։ Այդ նյութերի որոշ տեսակներ կարող են պահպանվել շրջակա միջավայրում հարյուրավոր կամ հազարավոր տարիներ։ Նոր հետազոտությունում գիտնականներն ուսումնասիրել են Թուրքիայում 70 կանանց (դաշտանադադարից հետո) կենսանյութի նմուշները։ Տարբեր ՊՖԱՄ-ների եւ սրտի հիվանդությունների միջեւ կապ գտնելու համար նրանք օգագործել են մեքենայական ուսուցումը։
Սրտի զարկերակների հիվանդությունները (սրտի ամենատարածված հիվանդություններն են) ավելի հաճախ հանդիպել են պերֆտորօքտանսուլֆոնային թթվի (ՊՖՕՍԹ) ավելի բարձ մակարդակ ունեցող կանանց մոտ։ Մեկ այլ նյութի՝ պերֆտորօքտանային թթվի (ՊՖՕԹ) բարձր մակարդակը կապել են սրտի միկրոանոթների ախտահարման վտանգի հետ։
Գիտնականները պարզել են, որ երկու նյութերն էլ կարող են առաջ բերել անոթների բորբոքում՝ աթերոսկլերոզի, ինֆարկտների եւ ինսուլտների ռիսկի գործոն։ ՊՖՕԹ եւ ՊՖՕՍԹ գործողության մեխանիզմները տարբեր են եղել։ Դա ընդգծում է, որ առողջության վրա ՊՖԱՄ ազդեցության ուսումնասիրման ժամանակ պետք է դիտարկել նյութերն առանձին-առանձին, այլ ոչ թե խմբով։
Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ գրեթե բոլոր ամերիկացիներն օրգանիզմում ունեն ՊՖԱՄ, այդ թվում եւ արյան մեջ։ Նոր աշխատանքի հեղինակները ենթադրել են, որ դաշտանային արնահոսությունները կարող են կանանց թույլ տալ ազատվել օրգանիզմում ՊՖԱՄ մի մասից։ Սա վկայում է այն մասին, որ երբ դաշտանը դադարում է, կինը զրկվում է «մաքրվելու» այս միջոցից։ Ուստի նրանք ուսումնասիրել են կանանց տվյալները դաշտանադադարից հետո։ Գիտնականները նշել են, որ նպատակաուղղված կերպով ՊՖԱՄ-ը մարմնից հեռացնելն անհնար է։ Դրա փոխարեն նրանք կանանց խորհուրդ են տվել նախընտրությունը տալ ՊՖԱՄ-ից ազատ առարկաներին։






