Պարզվում է՝ ուռուցքներն ընդմիջումներով են աճում: Science World Report-ի վկայակոչմամբ, գիտնականներն այս եզրահանգմանը տարբեր բջջային ռեցեպտորների միջեւ առկա փոխգործակցությունների ուսումնասիրության արդյունքում են հանգել: Խոսքն այն՝ բջիջների մակերեսին եւ ներսում առկա սպիտակուցային մոլեկուլների մասին է, որոնք միջբջջային կենսաքիմիական հաղորդագրությունների փոխանցման մասնակիցն են հանդիսանում, հաղորդում է Science World Report-ը:

Գիտահետազոտական խմբի անդամները, մասնավորապես, աճի մակամաշկային գործոնի ռեցեպտորների եւ գլյուկոկորտիկոիդների առանձնահատկություններն են ուսումնասիրել: Առաջին դեպքում խոսքը բջիջների, այդ թվում նաեւ՝ քաղցկեղային, աճին եւ տեղաշարժին նպաստող մոլեկուլներին է վերաբերում: Իսկ գլյուկոկորտիկոիդները ստերոիդ հորմոններ են, որոնք կարեւոր դերակատարում ունեն՝ օրվա ընթացքում օրգանիզմին էներգիայով ապահովման գործում:

Լաբորատոր մկների նկատմամբ իրականացված փորձարկումների արդյունքում պարզվել է, որ մի քանի ռեցեպտորներ ունեցող բջիջները միաժամանակ կարող են մի քանի հաղորդագրություններ ստանան, որոնք, սակայն, ըստ առաջնահերթությունների են գործում: Արդյունքում, ինչպես գիտնականներն են բացահայտել, գլյուկոկորտիկոիդային ռեցեպտորի՝ ստերոիդային հաղորդչի հետ կապի մեջ մտնելու պարագայում, բջիջների՝ աճի մակամաշկային գործոնի ռեցեպտորների խթանմամբ տեղաշարժը ճնշվում է: Ավելի ուշ պարզվել է նաեւ, որ աճի ռեցեպտորները քնի ընթացքում են առավել ակտիվություն ձեռք բերում:

Եզրահանգումները եւս մեկ քայլ առաջ են գրանցում՝ քաղցկեղի բնույթի ընկալման հարցում: «Ցերեկային ժամերին հիվանդի օրգանիզմը, ըստ էության, ուռուցքի աճն ինքնուրույն ճնշելու հնարավորություն ունի, ինչի առթիվ էլ առաջարկում ենք բուժական միջոցառումների իրականացման ժամացուցակը փոխել», - մեկնաբանել է գիտահետազոտական խմբի անդամ Յոսեֆ Յարդենը: