Երիտասարդների մոտ հաստ աղիի քաղցկեղի առաջացման հիմնական պատճառներից են շաքարի եւ ճարպերի ավելցուկը բջջանյութի անբավարարության դեպքում, անշարժ ապրելակերպը, ճարպակալումը եւ գենետիկ գործոնները։ Այս մասին Daily Mail պարբերականին պատմել է բրիտանացի վիրաբույժ եւ ուռուցքաբան Հեյնի Յուսեֆը։
Բժիշկը նշել է, որ հաստ աղիի քաղցկեղը կամ կոլորեկտորալ քաղցկեղը «երիտասարդանում» է սննդակարգի անցանկալի փոփոխությունների պատճառով։ Ուռուցքաբանը նշել է, որ հիվանդությունն ավելի հաճախ ախտորոշվում է 50-ից երիտասարդ մարդկանց մոտ։ Բջջանյութի (բուսական սննդային թելեր) անբավարարությունը սննդաբաժնում, ճարպերի, շաքարի եւ մսային կիսաֆաբրիկատների չափից ավելի օգտագործումը դրա սադրիչներն են։
Այլ պատճառներից են քիչ շարժունությունը եւ ճարպակալումը։ Ֆիզիկական ակտիվությունը օգնում է պահել առողջ քաշը, ինչն իր հերթին թույլ է տալիս իմունային համակարգին լավ աշխատել, նշել է բժիշկը։ Ավելորդ քաշը եւ մշտապես նստակյաց վիճակը օրգանիզմին զրկում են պաշտպանության մեխանիզմից, իմունային բջիջներն ավելի վատ են ճանաչում քաղցկեղային բջիջները։
Ճարպի ավելցուկը բարձրացնում է հատուկ հորմոնների աճն օրգանիզմում։ Երեխաների եւ դեռահասների մոտ դրանք խթանում են ոսկորների աճը, իսկ մեծահասակների մոտ՝ պահում մկանային եւ ճարպային զանգվածի նրոմալ հարաբերակցությունը, կարգավորում նյութափոխանակությունն ու գլյուկոզայի մակարդակը։ Այնուամենանիվ, աճի հորմոնների ավելցուկը նպաստում է ոչ միայն նորմալ, այլեւ քաղցկեղային բջիջների արագացված բաժանմանը։
Գենետիկ նախատրամադրվածությունը եւս ավանդ ունի հաստ աղիի քաղցկեղի առաջացման գործում։ Յուսեֆը նշել է, որ այնպիսի վիճակներ, ինչպիսին են Լինչի համախտանիշը եւ ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը, զգալիորեն բարձրացնում են այդ հիվանդությունների առաջացման հավանականությունը երիտասարդ տարիքում։
Լինչի համախտանիշը հաճախ անվանում են ոչ պոլիպոզ աղիքային քաղցկեղ, դա ժառանգական հիվանդություն է, որը բարձրացնում է քաղցկեղի շատ տեսակների (հատկապես կոլորեկտորալ) հավանականությունը։ Ընտանեկան ադենոմատոզ պոլիպոզը բնութագրվում է հաստ աղիի լորձաթաղանցի վրա բազմաթիվ պոլիպների առաջացմամբ։






