Յոլյանի անվան այունաբանական կենտրոնը՝ դոնորների համաշխարհային օրը՝ հունիսի 14-ին կազմակերպում է արյան բացօթյա հավաքագրում: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին կայացած ասուլիսի ժամանակ ասաց կենտրոնի արյան բաղադրամասերի պաշարման բաժանմունքի վարիչ Արմեն Պետրոսյանը:
«Արյան հավաքագրումը կազմակերպվելու է Խաչքարերի պուրակում, Սիզնսի այգում և արյան բանկում՝ առավոտյան ժամը 9:30-ից մինչև 15:00-ը: Մենք արդեն ունենք դոնորներ, ովքեր պատրաստ են այդ օրը մոտենալ, սակայն բոլոր ցանկացողները կարող են գալ: Տեղում մենք կանցկացնենք սկրինինգ, այնտեղ կլինեն թերապևտը, բժիշկը: Տեղում քաղաքացիները կարող են արյան դոնոր դառնալ, եթե համապատասխանում են առողջապահության տեսանկյունից»,-հավելեց նա:
Արմեն Պետրոսյանը ներկայացրեց, թե ինչ չափորոշիչների պետք է համապատասխանեն այն քաղաքացիները, որոնք ցանկանում են արյան դոնոր դառնալ:
«Դոնորը պետք է լինի պոտենցիալ առողջ, կան նվազագույն չափորոշիչներ, որոնց պետք է համապատասխանի: Կանանց պարագայում քաշը պետք է լինի նվազագույնը 52 կիլոգրամ, տղամարդկանց պարագայում՝ 62 կիլոգրամ: Հեմոգլոբինի մակարդակի նվազագույն շեմը կանանց պարագայում 125 է, տղամարդկանց պարագայում ՝ 135: Պետք է նախորդ օրը ալկոհոլ օգտագործած չլինեն, նախընտրելի է ՝ ճարպոտ սնունդ կերած չլինեն: Խորհուրդ ենք տալիս գալ թեթև նախաճաշ արած: Կարող են խմել թեյ, սուրճ: Շատ հեղուկի օգտագործումը խրախուսվում է»,-ասաց բաժնի վարիչը՝ հավելելով, որ արյան դոնոր չեն կարող դառնալ ծանր հիվանդություններ ունեցող անձինք: Նրա խոսքով, քաղաքացիները այդ հիվանդությունների ցանկին կարող են ծանոթանալ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի կայքում:
«Կա միֆ, որ եթե մանուկ հասակում դեղնախտ են ունենում, ապա արյան դոնոր չեն կարող դառնել: Դեղնախտի՝ հեպատիտ A-ի առկայությունը հակացուցում չէ, հակացուցում է հեպատիտ B-ի և C-ի առկայությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ մարդը նախկինում հիվանդացել է այդ հիվանդություններով: Հավքագրված արյունը պարտադիր անցնում է հետազոտություն, ստուգվում են արյան խումբը, ռեզուսը, վարակիչ հիվանդությունների առկայությունը»,- ասաց նա:
Բժշկի խոսքով, արյունատվությունը օրգանիզմի համար նաև առողջարար է: Դոնորից վերցվում է 400-450 մլ արյուն, ինչի արդյունքում սիրտանոթային հիվանդությունների հավանականությունը բազմակի անգամ նվազում է, նյութափոխանակությունն է լավանում, արյան շրջանառությունն է լավանում:
«Մի հետաքրքիր փաս նաև ասեմ, արյան դոնորները միջինում ապրում են 5-7 տարի ավելի երկար, քան նրանք , ովքեր դոնոր չեն հանդիսանում, քանի որ դոնորները տարվա ընթացքում մի քանի անգամ հետազոտություն են անցնում և ուշադրության կենտրոնում պահում իրենց առողջությունը: Մի փաստ ևս, եթե նույն ծանր վերքը ունենան արյան դոնորը և ոչ դոնորը, դոնորի ապրելու հավանականությունն ավելի մեծ է, քանի որ նա «վարժված է» արյունահոսությանը: Այսինքն օրգանիզմն այդ պահին ավելի ճիշտ է օգտագործում արյան ռեսուրսները»,-հավելեց Արմեն Պետրոսյանը:






