Լիվերպուլի թագավորական հիվանդանոցի վիրաբույժները, Եվրոպայում՝ առաջին անգամ, երիկամի էնդոսկոպիկ տրանսպլանտացիա են իրականացրել: Հնդկաստանում՝ Ահմեդաբադի երիկամային հիվանդությունների գիտահետազոտական ինստիտուտի վիրաբույժ, պրոֆեսոր Պրանջալ Մոդիի ջանքերով մշակված տեխնոլոգիան, բավականին մեծ կտրվածք պահանջող բաց վիրահատության հետ համեմատությամբ, հիվանդին անհամեմատ ավելի արագ վերակագնվելու եւ ապաքինվելու հնարավորություն է ընձեռում: Բրիտանացի բժիշկներին հաջողվել է օրգանի փոխպատվաստումն ընդամենը 6 սմ երկարությամբ կտրվածքով իրականացնել:

«Տեխնոլոգիան հսկայական օգուտ է տալիս հիվանդներին: Ես զրուցել եմ բոլորի հետ եւ համոզվել, որ այդ մարդիկ պարզապես երջանիկ են: Արդյունքներն էլ խոստումնալից են, այնպես որ բոլորին խորհուրդ եմ տալիս վիրահատությունն էնդոսկոպիկ եղանակով իրականացնել», - նշել է տեխնոլոգիայի հեղինակը:

Երիկամի էնդոսկոպիկ տրանսպլանտացիան Եվրոպայում բրիտանացի ձեռնարկատեր Բրայան Բլանչֆիլդի նկատմամբ է իրականացվել, ով տարիներ շարունակ օրգանի անբավարարությամբ էր տառապում՝ մինչեւ որ քույրը համաձայնել էր դոնոր դառնալ: Վիրահատությունից 4 ժամ անց հարազատները Բրայանին ոտքի վրա են գտել: «Հրաշալի եմ զգում ինձ: Տեղյակ էի, որ վիրահատությունն առաջին անգամ է իրականացվում, բայց ամենազարմանալին այն է, որ նախապես հարցրեցին, թե որ հատվածից պետք է վիրահատեն: Քանի որ կույր աղիքս հեռացված է, որոշեցի, որ կտրվածքը հենց սպիի վրայից էլ կարող են անել», -  նշել է նա՝ BBC-ին տված հարցազրույցի ընթացքում:

Վիրահատությանը խորհրդատու-ասիստենտի կարգավիճակով մասնակցած Սանջա Մեհրան համոզված է, որ տրանսպլանտացիայի նոր մեթոդը մի շարք առավելություններ ունի:

«Մինչ այժմ 20-25 սմ երկարությամբ կտրվածք էր պահանջվում, իսկ Բրայանի սպին ընդամենը 6 սմ երկարություն ունի, ինչը, կոսմետիկ տեսանկյունից, մեծ տարբերություն է ենթադրում: Բացի այդ, պետք է հաշվի առնել, որ երկար կտրվածքը նաեւ լուրջ՝ երկարաժամկետ խնդիրներով հղի մկանային վնասվածքի է հանգեցնում», - նշել է նա:

Երիկամային հիվանդությունների բրիտանական գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Էլին Դայվիսի հաղորդմամբ, երկրի շուրջ 6 հազար բնակիչներ երիկամի փոխպատվաստման են սպասում, մինչդեռ տարեկան ընդամենը 3 հազարից էլ քիչ վիրահատություն է իրականացվում: «Նորահայտ տեխնոլոգիան դժվար թե բոլոր դեպքերում կիրառելի դառնա: Այն հավելյալ կշիռ ունեցող՝ որովայնային վիրահատության համար ռիսկային հիվանդների պարագայում է առավել հարմար», - մեկնաբանել է փորձագետը: