Հարվարդի Չանի հանրային առողջության դպրոցի գիտնականները պարզել են, որ ցածր քաշ ունեցող երեխաներ ծննդաբերած կանայք ավելի ուշ կյանքում ճանաչողական կարողությունների անկում է նկատվելու: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում։
Հետազոտությանը մասնակցել են 15 հազար 323 կին կամավորներ, որոնց միջին տարիքը ճանաչողական կարողությունների գնահատման պահին եղել է 62 տարեկան: Նշվում է, որ յուրաքանչյուր մասնակից նախկինում առնվազն մեկ երեխա է ունեցել։
Ավելին, հետազոտվողների ընդհանուր թվից 1224 մարդ (կամ 8%-ը) ունեցել է ցածր քաշով երեխա ծննդաբերելու պատմություն (5,5 ֆունտից պակաս կամ 2,49 կգ):
Հետազոտողները փորձարկվողներին խնդրել են կատարել մի շարք թեստեր՝ ընդհանուր և աշխատանքային հիշողությունը, արձագանքման ճշգրտությունն ու արագությունը և սովորելու կարողությունը գնահատելու համար:
Ավելի մեծ թվով միավորներ ստանալը վկայում էր ճանաչողական ունակությունների աճի, իսկ ավելի ցածր թիվը՝ դրանց նվազեցման մասին:
Արդյունքները ցույց են տվել, որ ցածր և նորմալ քաշ ունեցող երեխաներ ծնած կանանց միավորների միջին տարբերությունը արձագանքման արագության և ուշադրության թեստերում եղել է -0,06 միավոր, սովորելու կարողությունը և աշխատանքային հիշողությունը գնահատելիս՝ -0,05 միավոր: Գիտնականները հաշվարկել են, որ նման ցուցանիշներն ազդարարում են մեկից երկու տարով ճանաչողական ծերացման արագացման մասին:
Գիտնականները նշել են, որ ցածր քաշ ունեցող երեխա ունենալը մեծ տարիքում ճանաչողական անկման էական գործոն չէ:
Աշխատանքի արդյունքները ցույց են տալիս հարաբերակցությունը, ոչ թե պատճառահետևանքային կապը: Պարզելու համար, թե ինչ մեխանիզմներ են ընկած այս արդյունքների հիմքում՝ ավելի շատ հետազոտություններ են պահանջվում:






