Ես ցնցված եմ, թե որքան տարատեսակ թեմաներ քննարկվեցին «Զինվորական բժշկության արդիական խնդիրները» խորագրով համաժողովում եւ որքան լայն էր մասնակիցների աշխարհագրությունը՝ ԱՄՆ-ից մինչեւ եվրոպական երկրներ: Կազմակերպիչներն իսկապես լավ էին պատրաստվել: Այս մասին NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց «Զինվորական բժշկության արդիական խնդիրները» խորագրով միջազգային համաժողովի մասնակիցներից, Բունդեսվերի կենտրոնական հոսպիտալի դիմածնոտային եւ պլաստիկ վիրաբուժության բաժնի ղեկավար, գնդապետ Ռ.Վերկմայսթերը:
Համաժողովի ընթացքում նա նաեւ «Պայթյունների արդյունքում դեմքի վնասվածքները» թեմայով զեկույց ներկայացրեց՝ պատմելով գերմանական պլաստիկ վիրահատության հրաշքների մասին: Գերմանացի գիտնականները կարողանում են վերականգնել վիրավոր զինվորի արտաքինը՝ նույնիսկ դեմքի կեսը կորցնելու դեպքում: Միաժամանակ, գնդապետը չմոռացավ հիշատակել, որ պլաստիկ եւ վերականգնողական վիրաբուժության հիմնադիրներից ու առաջամարտիկներից մեկն ամերիկահայ հայտնի վիրաբույժ Վարազդատ Կազանջյանն է:
Պատասխանելով Բունդեսվերի զինվորական առողջապահության համակարգի առանձնահատկությունների մասին հարցին՝ բժիշկը նշեց, որ չնայած համակարգը բավական հին է՝ ի տարբերություն այլ երկրների, իրենց զինվորական հիվանդանոցներն աշխատում են ոչ միայն զինվորականների, այլեւ քաղաքացիական անձանց համար: Իսկ որպես հիմնական խնդիր նա նշեց մասնագիտական լավ կրթություն ստացած միջին օղակի բուժանձնակազմի պակասը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 10-12-ը Երեւանում ընթանում է «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով անդրանիկ համաժողովը, որի կազմակերպիչներն են ՀՀ ԱԻ նախարարությունը, ՀՀ զինված ուժերի ռազմաբժշկական վարչությունը, Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանը և Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան։






