Առաջին տիպի շաքարախտի բուժման գործում նոր առաջընթաց է գրանցվել: Հարվարդի համալսարանականները ինքնուրույն ինսուլին արտադրող բջիջներ աճեցնելու եւ ներպատվաստելու եղանակ են հայտնաբերել:

Գիտնականներին հաջողվել է էմբրիոնալ ցողունային բջիջներից մեծ քանակությամբ՝ ենթաստամոքսային գեղձի առողջ բջիջների հետ գրեթե նույնական, ինսուլին արտադրող բջիջներ ստանալ, որոնց ներպատվաստումը առաջին տիպի շաքարախտով տառապող հիվանդներին ինսուլինի ամենօրյա ներարկումներից հրաժարվելու հնարավորություն կընձեռի, հաղորդում է The Telegraph-ը:

«Առայժմ նախակլինիկական փորձարկումների փուլում ենք՝ վերջնակետից մեկ քայլ առաջ», - հայտարարել է պրոֆեոր Դուգ Մելտոնը, ով որդու մոտ շաքարախտի ախտորոշման պահից ի վեր՝ արեն 23 տարի շարունակ, հիվանդության դեմ պայքարի արդյունավետ միջոցների հայտնաբերմանը միտված հետազոտություններով է զբաղվում:

Նրա հաղորդմամբ, ներկայումս բետա-բջիջները կենդանիների, մասնավորապես՝ պրիմատների նկատմամբ են փորձարկում անցնում եւ արդեն մի քանի ամիս է՝ անդադար ինսուլին են արտադրում: «Չափազանց ուրախալի էր՝ տեսնել, որ ի վիճակի ենք անել այն, ինչը մինչ այժմ անհնարին էր թվում», - նկատել է Մելտոնը:

Լոնդոնի համալսարանական քոլեջի ռեգեներատիվ բժշկության ամբիոնը ներկայացնող պրոֆեսոր Քրիս Մեյսոնը ձեռքբերումը հակաբիոտիկների հայտնագործության հետ է համեմատել:

Առաջին տիպի շաքարախտը աուտոիմուն հիվանդություն է, որի պարագայում ենթաստամոքսային գեղձի այսպես կոչված «բետա-բջիջները» դադարում են արյան մեջ գլյուկոզայի մակարդակը կարգավորող ինսուլին հորմոնն արտադրել: Այն, երկրորդ տիպի շաքարախտի հետ համեմատությամբ, նվազ տարածում ունի, բայց առավել հաճախ երիտասարդ տարիքի մարդկանց մոտ է ի հայտ գալիս: