Ժամանա՞կն է արդոք՝ կատարախտի բուժմանը միտված վիրահատության ենթարկվել: Հարցին լավագույն պատասխանը միայն մեկը կարող է լինել:
Պարզվում է՝ կատարախտի բուժմամբ ցանկացած պահի կարելի է զբաղվել: Այդուհանդերձ, Քլիվլենդի կլինիկան ներկայացնող ակնաբույժ դոկտոր Ռիչարդ Գենսի հավաստիացմամբ, մի հիմնավոր գործոն գոյություն ունի, որն անհապաղ պետք է հաշվի առնել՝ կատարախտին հատուկ նշանները կարող են միանգամայն այլ՝ անհետաձգելի բուժօգնություն պահանջող հիվանդությունների առկայության մասին վկայել:
«Կատարախտը կարելի է հեռացնել այն ժամանակ, երբ հիվանդի մոտ տեսողության հետ կապված խնդիրներ են առաջանում: Միակ խնդիրն այն է, որ ախտանշանները կարող են աչքի այլ՝ ժամանակի նկատմամբ անհամեմատ առավել զգայուն հիվանդությունների առկայության վկայությունը լինել: Այնպես որ, հարկավոր է համոզվել, որ արագ եւ ագրեսիվ բուժում պահանջող հիվանդությունների հետ գործ չունենք», - նշել է մասնագետը:
Դոկտոր Գենսի մեկնաբանմամբ, կատարախտը, որ 40 տարեկանից բարձր մարդկանց շրջանում տեսողության կորստի ամենալայն տարածում գտած պատճառներից մեկն է հանդիսանում, չի կարող անդառնալի վնաս հասցնել աչքին: Այնպես որ, եթե խոսքը միայն հիշյալ եւ ոչ՝ բոլորովին այլ հիվանդության մասին է, հիվանդն ինքը կարող է որոշել՝ երբ բուժում ստանա:
Որոշ դեպքերում նույնիսկ տեսողության մասնակի կորուստ ունեցող հիվանդները նախընտրում են հրաժարվել վիրահատությունից, մյուսներն էլ, թեթեւակի մթագնում զգալով, վիրահատարան են շտապում:
Ախտանշաններ
Որպես կանոն, կատարախտը դանդաղ, բայց եւ հաստատուն քայլերով տեսողության կորստի է հանգեցնում: Ամիսների եւ տարիների ընթացքում տեսողության մթագնումն ավելի ու ավելի ծավալուն եւ ինտենսիվ է դառնում: Դոկտոր Գենսը հիվանդության երեք տիպեր է առանձնացրել, որոնք տարբերվող ախտանշաններով կարող են ի հայտ գալ, այդ թվում՝ լույսի պայծառ աղբյուրի նայելիս՝ տեսողության մթագնում, մթության մեջ այդ նույն աղբյուրից լուսապսակի տարածում, թույլ գունային ընկալում եւ լուսավորության ընդհանուր պակաս, որոնք լուրջ անհանգստություն են պատճառում հիվանդին:
«Որոշ դեպքերում անհնար է նույնիսկ ընթերցել կամ մեքենա վարել եւ առողջ մարդու համար սովորական թվացող մի շարք այլ ամենօրյա գործողություններ իրականցնել», - նշում է ակնաբույժը:
Հիվանդության տիպերը
Կատարախտի երեք տեսակներից յուրաքանչյուրն իր ինքնատիպ ախտանշաններն ու զարգացման ընթացքն ունի: Ախտանշաններն էլ՝ մթության պայմաններում տեսողության խանգարումից մինչեւ մարդկանց դեմքերը տարբերակելու ընդունակության կորուստ, կարող են 6 ամսից մինչեւ 20 տարի ձգվող ժամանակահատվածում ի հայտ գալ:
• Կորիզային սկլերոտիկ կատարախտը ընդհանուր տեսողության, գունային ընկալման եւ մանր առարկաները տեսնելու կարողության կորստի հանգեցնող դանդաղ եւ կայուն զարգացմամբ է բնորոշվում, ինչին զուգընթաց հիվանդն առավել դժվարությամբ է գիշերային ժամերին մեքենա վարում. մթության մեջ լույսի պայծառ աղբյուրի շուրջ լուսապսակ կարող է երեւալ, մեկնաբանում է դոկտոր Գենսը:
• Կորտիկալ կատարախտը եւս դանդաղ ու կայուն աճով է բնորոշվում, որն աստիճանաբար տեսողության մթագնման է հանգեցնում, «կարծես մառախուղի միջով նայելիս լինեք»:
• հետին ենթապատյանային կատարախտն ավելի արագ՝ մի քանի ամիսների ընթացքում է զարգանում, եւ առավել հաճախ երիտասարդ տարիքի մարդկանց, շաքարախտով հիվանդների եւ ստերոիդներ ընդունողների մոտ ի հայտ գալիս: Զարգացման նախնական շրջանում այն տեսադաշտի մթագնում է հրահրում, այնուհետեւ, պայծառ լույսի ազդեցությամբ, տեսողության մասնակի կորուստ եւ մարդկանք դեմքերը ճանաչելու անկարողություն:
Կատարախտը գլխավորապես վիրաբուժական միջամտությամբ է բուժվում, ինչը, դոկտոր Գենսի հավաստիացմամբ, միանգամայն անվտանգ եւ արդյունավոտ գործընթաց է հանդիսանում: «Մենք կարող ենք նույնիսկ, համակարգչային հսկողությամբ աշխատող լազերի օգնությամբ, աստիգմատիզմի ուղղում իրականացնել: Այսօր նոր եւ միանգամայն հասանելի տեխնոլոգիաներ են գործում, որոնց տեսողությունը լիովին վերականգնելու հնարավորություն կարող են ընձեռել», - հավաստիացրել է ակնաբույժը:






