Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման առողջապահության նախարար Սիլվիա Բերուելին Դալասում Էբոլա հեմոռագիկ տենդով վարակման նոր դեպքի շուրջ մանրազննին հետաքննություն իրականացնելու հանձնարարական տվել:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ, Դալասի բուժհաստատություններից մեկի խնամքի ներքո Էբոլա տենդից մահացած լիբերիացուց վարակման դեպք է գրանցվել: Մահացու վտանգավոր վարակը ձեռք բերած՝ առողջապահական ոլորտի աշխատակցի անունը չի հաղորդվում:

Սպիտակ Տան կողմից տարածված հաղորդագրության համաձայն, Օբաման նաեւ հանձնարարել է, որ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից հավելյալ ուժեր ուղեգրվեն Դալաս:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ ՅՈՒՆԻՍԵՖԻ՝ Էբոլա վիրուսի կանխարգելմանն ուղղված քարոզարշավի դեմքը ֆուտբոլի Անգլիայի հավաքականի նախկին ավագ Դեվիդ Բեքհեմն է դառնալու: 

«Մանչեստեր Յունայթեդի» եւ Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպանը մահացու վտանգավոր վիրուսով վարակման հավանականության նվազեցմանը միտված միջոցառումների կարեւորությունը բացատրող տեսահոլովակի մասնակիցը կդառնա:

Վերջին տվյալների համաձայն, Էբոլա հեմոռագիկ տենդի զոհերի թիվը 4033-ի է հասել, վարակման դեպքերինը՝ գրեթե 8400-ի: