Ռուսաստանում աշխատանքներ են ընթանում՝ Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ պատվաստանյութի մշակման ուղղությամբ, Medical Observer-ի վկայակոչմամբ, հայտարարել է ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկ Սկվորցովան: Նա խոսքով, առաջիկա 6 ամիսներին ռուսաստանցի վիրուսաբանները կարող են արդեն իսկ 4 հազար մարդու կյանք խլած հիվանդության դեմ երեք պատվաստանյութ ներկայացնել:
Նախարարի հաղորդմամբ, մոտ ապագայում դեղամիջոցների կլինիկական փորձարկումներն են մեկնարկելու: Հայտնի է, որ պատվաստանյութերից մեկը Էբոլայի թուլացված շտամի հիման վրա է մշակվում:
Թեւ ՌԴ-ում Էբոլայով վարակման որեւէ դեպք դեռեւս չի գրանցվել, մի խումբ՝ շարժական լաբորատորիայով զինված տեղացի վիրուսաբաններ Գվինեա են մեկնել՝ համաճարակի դեմ պայքարին օժանդակելու նպատակով: Առողջապահության նախարարը նաեւ հիշեցրել է, որ երկրում ընթացիկ տարվա մարտ ամսից ի վեր Էբոլա վիրուսի դեմ պաշտպանության ռեժիմ է գործում: Մասնավորապես, Ռուսաստանի 71 օդանավականներ հատուկ՝ վարակման առաջին նշանները բացահայտող սարքավորումներով են համալրվել:
Սկվորցովան նաեւ հիշեցրել է, որ մահացու վտանգավոր վիրուսը Արեւմտյան Աֆրիկայի երկրներից կարող է Ռուսաստան հասնել: Ուստի տարածաշրջանից ՌԴ ժամանող բոլոր ուղեւորները պարտադիր զննման են ենթարկվում, իսկ երեք երկրներից ՝ ռուսական բուհերում սովորող ուսանողները (շուրջ 450 հոգի) մշտական վերահսկողության տակ են առնվել:






