Հայկական ստոմատոլոգիան համախատասխանում է միջազգային բոլոր չափանիշներին, բայց, չնայած դրան, երկրում դեռ կան թե մասնագիտական, թե կազմակերպչական խնդիրներ, կարծում է «Հայաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի» նախագահ Աշոտ Գեւորգյանը։ Նրա կարծիքով՝ ստոմատոլոգիական ոլորտը երկրում բարելավելու համար որոշակի օրենսդրական փոփոխություններ են անհրաժեշտ՝ մասնավորապես, հարկավոր է վերականգնել մասնագետների լիցենզավորումը։
Աշոտ Գեւորգյանի կարծիքով, բժիշկները, մասնավորապես, ատամնաբույժները պետք է ըստ իրենց կարգի լիցենզավորվեն, որպեսզի հիվանդը, կլինիկա մտնելով, իմանա, թե ինչ կարգի մասնագետրի մոտ է գնում՝ սկսնակի թե բազմամյա փորձ ունեցողի։
Ինչպես նշել է Աշոտ Գեւորգյանը, Հայաստանը ստոմատոլոգների թվով այսօր Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցնում; շատերը մասնավոր կլինիկաներ են բացում, գեղեցիկ կահավորում են դրանք, բայց բարձր որակ ապահովել չեն կարողանում։
«Պետք է այնպես անենք, որ հիվանդը իմանա, թե ուր է գնում, ում մոտ է գնում», - ասել է «Հայաստանի ստոմատոլոգիական ասոցիացիայի» նախագահը։
Ռուսաստանի դաշնության Առողջապահության նախարարության գլխավոր ատամնաբույժ, Մոսկվայի պետական բժշկա-ստոմատոլոգիական համալսարանի ռեկտոր Օլեգ Յանուշեվիչը լրագրողներին պատմել է այն մասին, որ այսօր Ռուսաստանում լիցենզավորվում է ոչ թե մասնագետը, այլ կազմակերպությունը, բայց Ռուսաստանը նույնպես գնում է դեպի մասնագետների լիցենզավորումը։
Նրա խոսքով՝ Ռուսաստանում 2 տարի առաջ նոր օրենք էր ընդունվել, ըստ որի մասնագետները պետք է ակրեդիտացիա անցնեն։ «Մենք հույս ունենք, որ սա առաջին քայլն է՝ լիցենզավորման ճանապարհին», - ասել է նա։






