Չորս ատամնաբույժ ԱՄՆ-ից այսօր մեկնում են Լեռնային Ղարաբաղ 4-օրյա այցով, որի ընթացքում այցելելու են Ղարաբաղի՝ Hand-in-hand միության ատամնաբուժական կլինիկաները, ատամնաբույժների համար դասախոսություններ են կարդալու, ինչպես նաեւ սկրինինգներ են իրականացնելու դպրոցականների շրջանում։ Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցին պատմել է մասնագետներից մեկը՝ ատամնաբույժ Ջորջ Ոսկերիչյանը (Բոստոն)։

Սա լինելու է Ջորջ Ոսկերիչյանի առաջին այցը Ղարաբաղ, եւ նա, իր իսկ խոսքով, դեռ ծանոթ չէ Ղարաբաղի ատամնաբուժության մակարդակին, բայց ամեն դեպքում հույս ունի իր գիտելիքները ղարաբաղյան բժիշկներին փոխանցել։

Ատամնաբույժ Առնոլդ Վայսը (Բոստոն) արդեն 6 տարի է, ինչ Լեռնային Ղարաբաղ է մեկնում եւ աշխատում այնտեղի ատամնաբույժների եւ պետական այրերի հետ՝ մանկական ատամնաբուժության որակն այնտեղ բարձրացնելու համար։

Առնոլդ Վայսի կարծիքով՝ ատամնաբուժության մակարդակը Ղարաբաղում բավական բարձր է, բայց մասնագետների նկատելի պակաս կա։ Բացի այդ, բազմաթիվ ղարաբաղցի երեխաներ նույնիսկ 5-6 տարեկանում ատամների լուրջ խնդիրներ են ունենում, քանի որ նրանց ծնողները գիտելիքների պակաս ունեն ու հաճախ չգիտեն, թե ինչպես է պետք խնամել երեխաների ատամները։

«Մենք փորձում ենք կրթել ծնողներին, որպեսզի նրանք հասկանան, ինչպես է կարելի կանխարգելել ստոմատոլոգիական խնդիրները, որպեսզի նրանց երեխաները առողջ լինեն», - ասել է Առնոլդ Վայսը։