ԱՄՆ բնակիչների շրջանում Էբոլա հեմոռագիկ տենդի տարածման հեռանկարի շուրջ տագնապի տրամադրություններ են զարգանում, թեեւ առողջապահության ոլորտը ներկայացնող մի շարք պաշտոնատար անձինք շարունակում են պնդել, որ համաճարակի՝ երկրում տարածման հավանականությունը չափազանց փոքր է: Օրեր առաջ իրականացված հարցախույզի արդյունքների համաձայն, վերջին մեկ ամսվա ընթացքում հիվանդությունը հանրային առողջության համար մեծ վտանգ դիտարկող ամերիկացիների թիվը կրկնապատկվել է՝ հասնելով 27 տոկոսի: 

Տագնապի գլխավոր պատճառներից մեկը նախքան մահացու վտանգավոր հիվանդությանը հատուկ ախտանշանների դրսեւորումը Դալասում բնակվող ազգականներին այցելության մեկնած լիբերիացու՝ Թոմաս Էրիկ Դունկանի մահն է: Վարակման դեպքն այնքանով էր ինքնատիպ, որ առաջին անգամ էր ԱՄՆ տարածքում ախտորոշվում:

Այդուհանդերձ, փորձագետների պնդմամբ, ամերիկացիների շրջանում ի հայտ եկած նախախուճապային տրամադրության պատճառը հիվանդության վերաբերյալ գիտելիքների պակասն է, ինչի մասին նաեւ հարցախույզի արդյունքներն են վկայում: Օրինակ՝ հարցվածների երեք քառորդ մասի մտահոգության պատճառն այն է, որ դեռեւս ախտանշաններ չդրսեւորող մարդիկ կարող են վարակման աղբյուր դառնալ, ինչն, ըստ էության, անհնարին է: Հեմոռագիկ տենդի առաջացում հրահրող վիրուսը միայն ախտանշաններ դրսեւորող հիվանդից կարող է տարածվել: Ասվածի ամենավառ ապացույցը թերես այն է, որ Դունկանի հետ միասին օդանավում գտնված ուղեւորներից եւ ոչ մեկի մոտ մինչ այժմ վարակման դեպք չի գրանցվել, հիշեցնում է Medical Daily-ն:

Բացի այդ, մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակման ամենաիրական աղբյուրը Էբոլայից մահացած մարդու մարմնի հետ անմիջական շփումն է, նշում են մասնագետները՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ում նման պրակտիկան գրեթե բացառված է: Դունկանն, օրինակ, անմիջապես դիակիզման է ենթարկվել:

Մինչդեռ ամերիկացիների շրջանում նույնիսկ առաջիկա Երախտագիտության օրվա (Thanksgiving Day) կապակցությամբ պլանավորված թռիչքներից հրաժարվելու միտում է նկատվում: