Մուլտիվիտամինների կանոնավոր օգտագործումը, հատկապես առանց բժշկական խորհրդատվության, լուրջ գլոբալ առողջական խնդիր է: Մերիլենդից հետազոտողներն ԱՄՆ շուրջ 400 հազար բնակիչների օրինակով ստուգել են, թե արդյոք նման դեղամիջոցները նպաստում են մահվան ռիսկի նվազեցմանը:
ԱՄՆ Մերիլենդ նահանգի Քաղցկեղի ազգային ինստիտուտի քաղցկեղի համաճարակաբանության և գենետիկայի բաժանմունքի հետազոտողները ձեռնամուխ են եղել պատասխանելու հարցին. ի՞նչ կապ կա մուլտիվիտամինի ամենօրյա ընդունման և ընդհանուր առմամբ առողջ մեծահասակների մահացության միջև: Ի վերջո, նման դեղամիջոցները, որոնք մեկ չափաքանակում պարունակում են երկու կամ ավելի վիտամիններ, օգտագործում է յուրաքանչյուր երրորդ մեծահասակ ամերիկացի՝ հակառակ տարբեր հիվանդությունների կանխարգելման գործում այդ վիտամինների հստակ օգուտների ապացույցների բացակայության փաստի: Հետազոտության արդյունքները հրապարակվել են JAMA Network գիտաբժշկական հանդեսում։
Բժիշկները վերլուծել են ԱՄՆ Առողջապահության ազգային ինստիտուտի մի քանի հետազոտությունների մասնակիցների տվյալները: Համակցված ընտրանքը ներառում էր 390 հազար 124 մարդու (55,4 տոկոսը՝ տղամարդիկ), որոնց միջին տարիքը 61,5 տարեկան է: Ի թիվս այլ հարցերի, նրանց հարցրել են մուլտիվիտամիններ և այլ վիտամիններ ու հանքանյութեր ընդունելու հաճախականության մասին, գրում է Naked Science-ը։ Վերահսկիչ խումբը բաղկացած էր մարդկանցից, որոնք նման հավելումներ չէին օգտագործում։
Բացի դրանից, համաճարակաբանները հաշվի են առել պոտենցիալ ազդող գործոնները. սեռը, տարիքը, որոշակի էթնիկ խմբին պատկանելը (սպիտակ, ասիացի, իսպանացի, հնդիկ, բնիկ Ալյասկայի, աֆրոամերիկացի, խաղաղօվկիանոսյան կղզիների բնակիչ), կրթության մակարդակը, վատ սովորությունների առկայությունը, մարմնի զանգվածի ինդեքսը, ընտանեկան կարգավիճակը, ֆիզիկական ակտիվության մակարդակը, սուրճի օգտագործումը, սննդակարգը, քաղցկեղ զարգացման ընտանեկան պատմությունը: Մասնակիցներին հետևել են 1990-ականներից մինչև 2020 թվականը:
Ընդհանուր առմամբ, դիտարկվող ժամանակահատվածում մահացել է 164 հազար 762 մարդ, որոնցից 49 հազար 836-ի մահվան պատճառ է դարձել քաղցկեղը, 35 հազար 60 մարդ մահացել է սրտի հիվանդությունից, իսկ 9275-ինը՝ ուղեղի անոթային հիվանդությունները: Օգտագործելով համամասնական վտանգների մոդելը կամ Քոքսի ռեգրեսիան՝ հետազոտողները ցույց են տվել, թե ինչպես է մուլտիվիտամինների ամենօրյա և անկանոն օգտագործումը հետազոտության առաջին հինգ տարիներին՝ հինգից մինչև 10 տարի և 10 տարի անց կապված բոլոր պատճառներով մահվան ռիսկի հետ:
Պարզվել է, որ դեպքերի գրեթե մեծ մասում (ընտրությամբ ստուգվածների ավելի քան 40 տոկոսը) բարձրագույն կրթություն ունեցող կանայք հակված են եղել օրական մուլտիվիտամիններ ընդունելուն։ Բացի դրանից, մարդիկ, ովքեր օգտագործում էին այս և այլ հավելումներ, ունեին ավելի ցածր մարմնի զանգվածի ինդեքս և ավելի առողջ սնունդ են ընդունել: Որևէ էթնիկ խմբի պատկանելը կամ քաղցկեղի ընտանեկան պատմություն ունենալը չի ազդել արդյունքների վրա:
«Համախմբված վերլուծության ժամանակ մասնակիցները, ովքեր ամեն օր մուլտիվիտամիններ էին ընդունում, մահվան ավելի բարձր ռիսկ ունեին, քան նրանք, ովքեր չէին ընդունում դրանք. հարաբերական ռիսկը 1,04 էր (4 տոկոս): Սակայն այս ցուցանիշը բոլոր պատճառներով մահացության դեպքում՝ սրտային հիվանդություններով, քաղցկեղով և ուղեղի անոթային հիվանդություններով հասել է մոտ 1,0-ի »,- նշել են համաճարակաբանները։
Վերլուծված ուսումնասիրություններից մեկում մուլտիվիտամիններ ընդունելու և բոլոր պատճառներով մահվան հավանականության միջև կապն ավելի ուժեղ է եղել մինչև 55 տարեկան մարդկանց շրջանում, նախկին և ներկա ծխողների և բնականոն մարմնի զանգվածի ինդեքս ունեցողների համար. հարաբերական ռիսկը գնահատվել է համապատասխանաբար 1.15, 1.10, 1.09 և 1.10:
Ամփոփելու համար. այս սերտախմբային հետազոտության մեջ ամենօրյա մուլտիվիտամին ընդունելը մահվան ռիսկի նվազեցմանը չի առնչվում: Ընդհակառակը, նման դեղամիջոցների օգտագործումը, չօգտագործելու համեմատ, առնչվում է չորս տոկոսմահվան հավանականությանը:






