Ստամոքսի քաղցկեղն աշխարհում և Հայաստանում օնկոլոգիական ամենատարածված հիվանդություններից է։ Չնայած հիվանդացության և մահացության բարձր մակարդակին՝ քաղցկեղի այս տեսակի մասին մյուս տեսակների համեմատ այսօր շատ ավելի քիչ է խոսվում: Հենց այդ պատճառով էլ ստամոքսի քաղցկեղն էր ընտրվել բաց դասախոսության գլխավոր թեման, որը հայ բժիշկներին ու ուսանողներին ներկայացրեց «Նաիրի» բժշկական կենտրոնի ուռուցքաբանական ծառայության ղեկավար, քիմիաթերապիայի բաժանմունքի վարիչ Լևոն Բադալյանը։ Դասախոսության մուտքն ազատ էր բոլոր ցանկացողների համար, ու նաև հեռարձակվում էր առցանց, ինչը հնարավորություն տվեց մարզում գտնվող բժիշկներին ևս ծանոթանալ ոլորտի նորություններին։ 

NEWS.am Medicine-ի հետ զրույցում Լևոն Բադալյանը նշեց, որ ուռուցքաբանությունը ժամանակակից բժշկության ամենաակտիվ զարգացող ոլորտներից է. մի քանի տարին մեկ սինթեզվում են նոր դեղամիջոցներ և առաջարկվում են բուժման նոր մոտեցումներ, որոնք բարձրացնում են բուժման արդյունավետությունը։ Նույնիսկ եթե խոսքը երկարաժամկետ ռեմիսիայի հավանականությունը 10-15%-ով ավելացնելու մասին է, ուռուցքաբանության ոլորտում սա արդեն համարվում է մեծ ձեռքբերում, և հենց այդ պատճառով այդքան կարևոր է տեղյակ լինել այս ոլորտում նորամուծություններին և կիրառել դրանք բուժառուների համար։

«Ստամոքսի քաղցկեղի ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները» թեմայով բաց դասախոսության հիմնական նպատակներից է ուռուցքաբաններին, վիրաբույժներին, թերապևտներին և այլ մասնագետներին պատմել, թե ինչպես են զարգացած երկրներում մոտենում այս հիվանդության ախտորոշմանը և բուժմանը, և ինչ է ցանկալի սովորել նրանցից։

449963173_874289364730919_3044137891642394280_n.jpg (187 KB)

«Իմ դասախոսության ամենակարևոր ուղերձներից մեկն այն է, որ ստամոքսի քաղցկեղի բուժումը չպետք է սկսել վիրահատությունից: Նախ անհրաժեշտ է քիմիաթերապիա: Վերջին տարիներին ստամոքսի քաղցկեղի բուժման այսպիսի մոտեցում առաջարկվում է միջազգային ստանդարտներում: Ու թեև մենք՝ «Նաիրի» ԲԿ-ում որդեգրել ենք այս մոտեցումները, շատ այլ կլինիկաներ և բժիշկներ, ավաղ, շարունակում են հետևել ավելի հնացած մոտեցումներին»,- նշեց մասնագետը, հավելելով, որ ըստ եվրոպական ուղեցույցների ստանդարտ սխեման հետևայալն է՝ նախավիրահատական քիմիաթերապիա, վիրահատություն, հետվիրահատական քիմիաթերապիա, որոշ դեպքերում՝ իմունաթերապիա։ Բուժումը սկսվում է վիրահատությունից միայն այն դեպքերում, երբ դրա համար կա շտապ ցուցում։ 

Լևոն Բադալյանի խոսքով՝ փոխվում են ոչ միայն բուժման մոտեցումները, այլև մշակվում են նոր դեղամիջոցներ. այս պահին աշխարհում քաղցկեղի բուժման մի քանի տասնյակ նոր դեղամիջոցներ են փորձարկվում, իսկ առաջիկա տարիներին դրանցից ամենաարդյունավետները գործածության մեջ կմտնեն։ Եվ որքան շուտ դրանք հասանելի լինեն Հայաստանում, այնքան լավ կլինի այստեղի բուժառուների համար։

Բժիշկ Բադալյանի դասախոսությունը լսելու էին եկել ոչ միայն գործող, այլև ապագա բժիշկներ։ Երևանի Հերացու անվան բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Միլենա Փիլիպոսյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում ասաց, որ ցանկանում է ուռուցքաբան դառնալ, հետևաբար արդեն փորձում է այցելել ուռուցքաբանների համար նախատեսված հնարավորինս շատ միջոցառումների, որտեղ կարող է թարմ, օգտակար գիտելիքներ ձեռք բերել։ «Նաիրի» ԲԿ-ում կայացած համաժողովը, ըստ նրա, ամենահետաքրքիր և բովանդակալից միջացառումներից մեկն է, որին երբևէ մասնակցել է:

Նարե Բաղդասարյանը, ի տարբերություն Միլենայի, դեռ չի ընտրել իր ապագա մասնագիտությունը. նա Բժշկական համալսարանի առաջին կուրսի ուսանող է և փորձում է հնարավորինս շատ համաժողովների մասնակցել՝ վստահ լինելով, որ դրանք կօգնեն ճիշտ կարծիք կազմել բժշկության տարբեր ոլորտների մասին և, ի վերջո, կողմնորոշվել, թե դրանցից որն է իր սրտին մոտ ու հոգեհարազատ։ 

449930398_874289371397585_339783455510238344_n.jpg (94 KB)