Դիաբետ եւ ճարպակալում ունեցող մարդկանց համար օզեմպիկը կարող է նվազեցնել քաղցկեղի տասը տեսակների վտանգը, տեղեկացրել է Daily Mail-ը։

Գիտնականներն ուսումնասիրել են 2-րդ տեսակի դիաբետ ունեցող 1,6 մլն պացիենտների (որոնց միջին տարիքը կազմել է 60-ը) տվյալները։ Նրանց մի մասը ընդունել է ԳՆՊ-1 (գլյուկագոնանման պեպտիդ-1), որոնցից է օզեմպիկը։ Մյուս պացիենտներին նշանակել են ինսուլին կամ մետֆորմին։ Նրանց մասին տվյալները հավաքել են 15 տարի։

Նրանց մոտ, ովքեր ինսուլին են ընդունել, ավելի քան երկու անգամ ավելի հաճախ են գտել ենթաստամոքսային գեղձի, աղիների, լեղապարկի եւ ուղեղի թաղանթի ուռուցքներ։

Օզեմպիկը կապված է եղել քաղցկեղի 13 տեսակներից 10-ի հավանականության նվազման հետ, որոնք բնորոշ են ճարպակալում ունեցող մարդկանց։ Ռիսկի ամենամեծ նվազումը նկատվել է լեղապարկի քաղցկեղի դեպքում. ԳՆՊ-1 ընդունող պացիենտների մոտ այդ հիվանդության առաջացման հավանականությունը 65 տոկոսով ցածր է եղել ինսուլինի խմբի համեմատ։ Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի ռիսկը նրանց մոտ 59 տոկոսով է ավելի ցածր եղել, 48 տոկոսով՝ ձվարանների քաղցկեղի, 46 տոկոսով՝ հաստ եւ ուղիղ աղիների քաղցկեղների դեպքում։

Վահանաձեւ գեղձի քաղցկեղի վտանգը չի նվազել։ Մինչ այդ մկների եւ առնետների վրա կատարված հետազոտությունները ցույց են տվել, որ ԳՆՊ-1-ը կարող է բարձրացնել վահանաձեւ գեղձի մեդուլյար քաղցկեղի վտանգը։ Գիտնականները կարծում են, որ օզեմպիկը կարող է բարձրացնել այդ ուռուցքի վտանգը։ Սակայն ավելի շատ հետազոտությունների անհրաժեշտություն կա։