Հայաստանի՝ հոգեբուժության մասին օրենքներում մի շարք խնդրահարույց հարցեր կան, որոնք մոտ ապագայում օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը պատրաստվում է սահմանադրական դատարանում վիճարկել։ Այս մասին լրագրողներին պատմել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը։

Մասնավորապես, Տաթեւիկ Խաչատրյանի խոսքով, հարկավոր է որոշակի փոփոխություններ մտցնել անգործունակ անձանց արդյունավետ դատական պաշտպանությանը վերաբերվող օրենդրությունում։ Ըստ գործող օրենքների, անգործունակ ճանաչված անձը իրավունք չունի դիմել դատարան, ինչը, Տաթեւիկ Խաչատրյանի խոսքով, չի համապատասխանում մի շարք միջազգային նորմերին։

Այս ոլորտում կա եւս մեկ խնդիր. գործող օրենսդրության շրջանակներում անգործունակ ճանաչված անձի խնամակալի դիմումը եւ համապատասխան փորձաքննությունը բավարար են, որ անձն իր կամքին հակառակ տեղավորվի հոգեբուժական հիվանդանոց՝ ստացիոնար բուժման, ինչը, ինչպես նշել է Տաթեւիկ Խաչատրյանը, նույնպես հակասում է մի շարք միջազգային նորմերին։ «Հենց այս արատավոր օրենսդրական կարգավորման արդյունքում է, որ կան մեր կյանքում բոլորիս հայտնի դեպքեր, երբ խնամակալները զուտ բնակարանին տիրանալու համար կարող են իրենց խնամքի տակ գտնվողների տեղավորել հոգեբուժարաններ», - ասել է օմբուդսմենի տեղակալը։

Այս ամենը, նրա խոսքով, թե օրենքի բացթողում է, թե՝ օրենքի ճիշտ կիրառման եւ վերահսկողության բացթողում։

«Հուսով ենք, որ առաջիկայում սահմանադրական դատարանում այս հարցը կշտկվի, եւ ավելի լավ օրենսդրություն կունենանք, որը հնարավորինս կխոչընդոտի այս չարաշահումների հետագայում կրկնվելը», - ասել է Տաթեւիկ Խաչատրյանը։