Հոկտեմբերի 10-12-ը Երեւանում միջազգային գիտաժողով է կայացել՝ «Զինվորական բժշկության արդի հիմնախնդիրները» թեմայով, որի կազմակերպիչներից մեկը Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիան էր: Միջոցառման ավարտին NEWS.am Medicine-ի թղթակիցը ձեռքբերումների եւ անելիքների շուրջ զրույց է վարել ասոցիացիայի ղեկավար եւ հիմնադրման նախաձեռնության հեղինակ Ռուզաննա Խաչատրյանի հետ:

-Ասոցիացիան գրեթե երեք տարի առաջ է հիմնադրվել: Դեռեւս այն ժամանակ առաջիկա գիտաժողովին պատրաստվելու մասին էիք խոսում: Արդյոք բոլո՞ր նախատեսված քայլերն իրականացվեցին:

-Սա այն դեպքն է, երբ սպասելիքներն իրենց գերազանցում են: Մենք համաձայնագրեր էինք կնքել պաշտպանության, արտակարգ իրավիճակների, առողջապահության նախարարությունների եւ բժշկական համալսարանի հետ: Ակտիվ քննարկումներ էին սկսվել: Որքան բանակի բարձր տեխնոլոգիական համալրումը կարեւորություն ունի, նույնչափ էլ զինվորական բժշկության համակարգում գիտական ներուժի կիրառումն է կարեւոր: Այդ տեսանկյունից նմանատիպ գիտաժողովները մեծ նշանակություն ունեն: Միայն փաստն առ այն, որ միջազգային գիտաժողովը փոքրիկ Հայաստանում է անցկացվում, ինքնին խոսուն է: Հյուրերը զինվորական առողջապահության համաշխարհային համակարգի ակնառու ներկայացուցիչներ էին: Բոլորը՝ բարձրագույն զինվորական անձնակազմից: Ընդ որում, ավելորդ չէ նշել, որ զեկույցներ ընթերցելու ցանկությունն էլ իրենցից էր գալիս: Միաժամանակ նաեւ անչափ հպարտ եմ, որ Արցախից մեր ներկայացուցիչը եւս հրաշալի ներկայացրեց իր զեկույցը՝ դիվերսիոն գործողությունների ընթացքում բժշկական ծառայության կազմակերպման եւ հիվանդների տարհանման վերաբերյալ:

-Ո՞րն է Զինվորական բժիշկների ասոցիացիայի ընթացիկ նպատակը:

-Մենք ցանկանում ենք Հայաստանի զինված ուժերի առողջապահության սպեցիֆիկ մոդել ստեղծել: Պատերազմի ընթացքում եւ Խորհրդային Միության փլուզումից հետո զինվորական առողջապահության խորհրդային՝ ռազմական պայմաններում հրաշալիորեն գործող մոդելն էր կիրառվում: Սակայն հիմա՝ հետխորհրդային շրջանում, ըստ էության նոր՝ ինտենսիվ բարեփոխումների, մոդեռնիզացիայի փուլ անցնող, փոքր ռեսուրսներով մեծ մարտահրավերների դիմակայելու փորձեր կատարող բանակի զինվորական բուժծառայությունը եւս չի կարող տեղում մնալ: Կարծում եմ՝ անչափ կարեւոր է, որ այսօր միացյալ ուժերով ենք հանդես գալիս: Ի սկզբանե ասոցիացիան 300 անդամ ուներ, հիմա արդեն՝ 500: Որպես հասարակական կազմակերպություն, այն խաղաղ պայմաններում ուսադիրներով համազգեստը հանած բժիշկներին առանց տաբուի ազատ շփման, բանավեճի հնարավորություն ընձեռելու գործառույթ է իրականացնում: Հենց այդ եղանակով՝ քննարկումների միջոցով է հնարավոր մոդելի այն լավագույն տարբերակը գտնել, որը թե խաղաղ պայմաններում, եւ թե պատերազմի ժամանակ բժշկական ծառայության կազմակերպման գործընթացի իրականացումը կապահովի:

- Բանակի մոդեռնիզացման մասին էիք խոսում: Համաձայնեք, որ բժշկական ծառայության մոդեռնիզացիան եւս պակաս կարեորություն չունի: Ինչպե՞ս եք վերաբերվում ռոբոտացված բուժտեխնիկայի ներդրմանը, որն ի սկզբանե բանակային պայմաններում կիրառություն գտնելու նպատակով է մշակվել, ըստ որի բժիշկը, կաբինետում նստած, կարող է մարտի դաշտում վիրավորված, դաշտային պայմաններում գտնվող զինվորի վիրահատել: 

- Մոդելի մշակման ընթացքում, նախ եւ առաջ, փորձում ենք հասկանալ, թե ինչ պետք է անել՝ կորուստները բացառելու կամ գոնե նվազագույնի հասցնելու համար: Եթե բժշկությունը խաղաղ պայմանների եւ պատերազմական ժամանակի բաժանելու լինենք, ապա վերջին դեպքում գլխավոր խնդիրը հիվանդի տարհանումն է: Այստեղ այսպես կոչված «ոսկե ժամանակի» կանոնն է գործում, երբ հիվանդին փրկելու համար հարկավոր է նրան մեկ ժամվա ընթացքում այնպիսի վայր տեղափոխել, որտեղ հնարավոր է համապատասխան բժշկական միջամտություն իրականացնել: Վերջերս Միացյալ Նահանգներում էի գտնվում՝ Քալիֆորնիայի հայ բժիշկների հրավերքով եւ երբ ժամանակակից շարժական բուժտեխնիկայի հարցը բարձրացրեցի, վերջիններս, ինչպես նաեւ մի շարք հիմնադրամներ հաճույքով համաձայնեցին օժանդակություն ցուցաբերել այդ հարցում: Այդպիսի տեխնիկայի շնորհիվ կարելի է հիվանդի տեղափոխման գործընթացը լիարժեք վերահսկողության տակ պահել: Նման դեպքերում առաջին հերթին հարկավոր է ցավից շոկի առաջացումը կանխարգելել: Այդ նպատակով կիրառման ենթակա ենթալեզվային մեթոդներ գոյություն ունեն (երբ դեղահաբը լեզվի տակ է դրվում), որոնք մեկ ժամ շարունակ ազդեցություն ապահովելու եւ տեղափոխման ընթացքում վիրավորի կորուստը բացառելու հնարավորություն են ընձեռում:

Անդրադառնալով առավել մոդեռնիզացված վիրահատություններին, հարկ է նշել, որ պաշտպանության նախարարությունը արդեն իսկ պայմանագրային հարաբերությունների մեջ է՝ զինվորական բժշկության համաշխարհային ծառայությունների հետ եւ, կարծում եմ, հեռու չէ այն օրը, երբ այդ մեքենաները եւս Հայաստանի զինվորական բժշկության համակարգում կներդրվեն:

Հուսով եմ, որ գիտական բազայի ակտիվացման պայմաններում կարելի է բազմաթիվ հետաքրքիր լուծումներ գտնել: Մենք հաճախ ենք հպարտանում այն հանգամանքով, որ մի շարք՝ համաշխարհային նշանակության հայտնագործություններ տարբեր երկրներում բնակվող՝ հայկական ծագմամբ մասնագետներ են հեղինակել: Մարդիկ, որոնք այսօր էլ առաջնային դիրքերում են: Նրանցից երկուսը՝ հայտնի ֆրանսիացի օնկոլոգ Նորբերտ Ավետյանը եւ ռուսաստանցի նեյրովիրաբույժ Վիլյամ Խաչատրյանը գիտաժողովի հյուրերի շարքում էին եւ զեկույցներով հանդես եկան: Նրանք անմիջապես արձագանքեցին մեր հրավերքին եւ ցանկացած ձեւաչափով համագործակցելու պատրաստակամություն դրսեւորեցին:

Ինչ վերաբերվում է խաղաղ պայմաններին, այստեղ էլ գլխավորը զինծառայողի՝ ուշացած բուժօգնության պատճառով հաշմանդամություն ձեռք բերելու հեռանկարի բացառումն է: Սա էլ երկրորդ պատճառն առ այն, թե ինչու են ներկայումս աշխատանքներ տարվում՝ հիվանդին ստացիոնար տեղափոխման համար պատասխանատու պարամեդիկների որակյալ բազայի ստեղծման ուղղությամբ: Ընդ որում, այստեղ էլ որոշակի պայմանավորվածություններ ունենք՝ ամերիկացի մասնագետների հետ, որոնք խոստացել են նաեւ հականեխիչներ հատկացնել՝ բանակայինների տրամադրվող կենցաղային եւ սանիտարա-հիգիենիկ պայմանների բարելավման նպատակով: Պայմաններ, որոնց եւս մեր ասոցիացիան մեծ նշանակություն է տալիս:

Վերջում կցանկանայի նշել, որ բանակն ինքնին չքաղաքականացված կառույց է, իսկ մեր հայրենակիցներն էլ էմոցիոնալ մարդիկ են: Չեմ կարծում, որ ազգային բանակը կարող է արտասահմանում բնակվող հայերի պասիվ վերաբերմունքին արժանանալ:

Զրույցը վարեց Յանա Ավչիյանը