Ժամանակակից սքաների գտագործմամբ Օրհուսի համալսարանի հետազոտողները մշակել են տեխնոլոգիա, որը թույլ կտա հայտնաբերել երիկամի ամենավաղ փոփոխությունները, երբ դրանում սկսում է ձեւավորվել սպիավոր հյուսվածք։ Հետազոտության արդյունքները հրապարակվել են Investigative Radiology ամսագրում։

«Մենք կարող ենք չափել ֆիբրոզի ձեւավորման հետ կապված փոփոխություններն ավելի վաղ, քան գոյություն ունեցող բոլոր մեթոդները, որոնք չափում են արդեն առաջացած ֆիբրոզի քանակությունը»,- բացատրել է հետազոտության առաջատար հեղինակ Նիկոլայ Բոն Օրհուսի համալսարանի կլինիկական բժշկության ֆակուլտետից։ Տեխնոլոգիայի շնորհիվ, որը հայտնի է որպես ՄՌՏ հիպերբեւեռացված 13С-պիրուվատի օգտագործմամբ, բժիշկներն այժմ կարող են տեսնել ֆիբրոզի գոյացումն ավելի վաղ։ Դա թույլ է տալիս բուժումն սկսել ավելի վաղ եւ կանխել երիկամի անշրջելի ախտահարումը։

«Այս մեթոդում օգտագործվում է միանգամայն նոր մոտեցում, որը թույլ է տալիս հայտնաբերել սպիավոր հյուսվածքը վաղ փուլում այն սպիտակուցների վիզուալացման միջոցով, որոնցից կազմված է ֆիբրոզը»,- նշել է Բոն։

Տեխնոլոգիան հիմնված է պացիենտի օրգանիզմում պիրուվատի հատուկ ձեւ մտցնելու վրա, դա բնական նյութ է, որը մասնակցում է օրգանիզմի կողմից էներգիայի արտադրմանը։ Երբ պիրուվատի մոլեկուլները հիպերբեւեռացվում են, դրանց մագնիսական ազդանշանները զգալիորեն ուժեղանում են, ավելի քան 20 000 անգամ։ Դա թույլ է տալիս հետեւել օրգանիզմում դրանց վերափոխմանը ՄՌՏ-սքաների օգնությամբ։ Հետեւելով, թե ինչպես է պիրուվատը վերածվում այլ նյութերի, բժիշկները կարող են հայտնաբերել ֆիբրոզի վաղ նշանները մինչեւ տեսանելի կառուցվածքային փոփոխությունների հայտնվելը, որոնք կարելի է գրանցել ստանդարտ մեթոդներով։ Այս մեթոդը ոչ միայն ավելի արդյունավետ է, այլեւ անվտանգ է եւ հարմար պացիենտների համար, քանի որ վերացնում է ինվազիվ բիոպսիայի անհրաժեշտությունը։