Շվեդիայի Կարոլինսկա ինստիտուտի գիտնականները հաշվարկել են, որ բարդություններով ուղեկցվող սրտի կաթվածը 50-ամյա կնոջից խլում է միջինը 11 տարվա կյանք, մինչդեռ սրտի պահպանված ֆունկցիա ունեցող 80-ամյա տղամարդու կյանքից ընդամենը 5 ամիս է գնում: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Circulation բժշկագիտական հանդեսում։
Գիտնականները վերլուծել են 1991-2022 թվականներին սրտամկանի ինֆարկտ տարած 335 հազար մարդու առողջության և կյանքի տևողության վերաբերյալ տվյալները: Հետազոտության ընթացքում օգտագործվել են նաև Շվեդիայի վիճակագրության վարչությունից և երկրի առողջապահության և սոցիալական հարցերի նախարարությունից ստացված տեղեկությունները 1,6 միլիոն առողջ կամավորների մասին:
Շվեդ գիտնականները որոշել են պարզել, թե որքանով է կրճատվում մարդու կյանքի տևողությունը սրտի նոպայից հետո: Նրանք պարզել են, որ սրտի կաթվածները կյանքի ավելի շատ տարիներ են խլել կանանցից և երիտասարդներից: Սրտի ֆունկցիայի խանգարման դեպքում 50-ամյա կնոջ կյանքը միջինը կրճատվում է 11 տարով, մինչդեռ առանց բարդությունների սրտի կաթվածը տղամարդու կյանքից ընդամենը 5 ամիս է խլում։
Գիտնականները պարզաբանել են, որ նույնիսկ նույն տարիքային կատեգորիայում սրտի կաթվածն ավելի էական բացասական ազդեցություն է ունեցել կանանց կյանքի տևողության վրա, քան տղամարդկանց կյանքի վրա։ Սակայն, եթե սրտի կաթվածը հետագայում սրտամկանի մեջ լուրջ խնդիրներ չի առաջացրել, այդ առումով սեռային տարբերությունները վերացել են:
Հետազոտողները դեռ չեն կարողանում հստակ որոշել, թե ինչու է բարդություններով սրտի կաթվածն կանանց համար ավելի վտանգավոր, քան տղամարդկանց համար: Նրանք պարզաբանել են, որ կանանց կյանքի տևողության կրճատումը հաճախ բացատրվում է բուն սրտի կաթվածի հետ անուղղակիորեն առնչվող գործոններով, ինչպիսին են հիպերտոնիան և շաքարախտը։






