Ճանաչողական ունակությունների անկումն անխուսափելի է տարիքի հետ, սակայն Սինգապուրի Տեխնոլոգիաների և դիզայնի Համալսարանի (SUTD) պրոֆեսոր Յոու Վեյ Կուինի գլխավորած հետազոտական ​​թիմն ուղիներ է փնտրում այս անկումը լեզվի միջոցով դանդաղեցնելու համար:

«Հայտնի է, որ երկլեզվությունը նպաստում է նյարդաճկունությանն ու ճանաչողական ռեզերվին, և հետազոտությունները ցույց են տալիս, որ ամբողջ կյանքի ընթացքում կիրառվող երկլեզվությունը փոխում է տարեցների ուղեղի կառուցվածքի գործառույթը: Կարևոր է նշել, որ երկլեզվությունը միջինը 4,7 տարով հետաձգում է Ալցհայմերի հիվանդության խորացումը:

Ընդսմին, ներկայում չկան հետազատություններ, որոնք ուսումնասիրել են երկլեզվության կիրառումն իբրև միջամտություն՝ տարեցների շրջանում ճանաչողական խանգարումը մեղմելու համար, և մեր ուսումնասիրությունն առաջինն է, որ դա կիրառում է», - ասում է պրոֆեսոր Յոուն:

Գիտաբժշկական  Innovation in Aging հանդեսում հրապարակված «Երկալեզու սենսորային էկրանի նոր կիրառումը տարեցների ճանաչողական ունակությունների անկումը  դանդաղեցնելու համար. պատահական վերահսկվող փորձարկում» հոդվածում գիտնականների թիմը տարեցների համար մշակել է սենսորային էկրանով բազմալեզու խաղային հավելված, որը հայտնի է որպես Համակարգչային գործիք իմաստաբանական հիշողության մեջ երկու լեզու սովորելու համար (Dual Language Semantic Memory Computerized Tool (DISC)։ DISC-ը նախատեսված է անկախ խաղը խրախուսման և ճանաչողական գործառույթի բարելավման համար։

Տարեցներին ուղղված խաղային մյուս հավելվածների համեմատ, DISC-ը եզակի է նրանով, որ ներառում է երկլեզվությունը՝ իբրև սեփական ճանաչողական միջամտության հիմնական տարր:

«Գոյություն ունեցող ճանաչողական խաղերի մեծ մասը կամ տարեցների առանձնահատուկ կարիքները հաշվի չի առնում, կամ միայն միալեզու փորձ են առաջարկում: DISC-ը տարբերվում է նրանով, որ այն օգտագործում է երկու լեզուները միաժամանակ, ինչը բազմապատկում է ճանաչողական առավելությունները», - պարզաբանում է պրոֆեսոր Յոուն: