Երևան քաղաքի առողջության առաջնային օղակի տարբեր բժիշկներ «Կրծքագեղձի քաղցկեղի խնդիր․ զգոնության բարձրացում» գիտագործնական սեմինարի ընթացքում ծանոթանում են այս հիվանդության վերաբերյալ վերջին նորություններին։ Ուռուցքաբան Արթուր Ավետիսյանը ներկայացնում է խնդիրը. Կրծքագեղձի քաղցեղի դեպքերի թիվն աճում է ինչպես ողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Միևնույն ժամանակ նորագույն տեխնոլոգիաների կիրառման և վաղ հայտնաբերման շնորհիվ մահացությունը կրճատվում է։

Սեմինարի մասնակից թերապևտներին, ընտանեկան բժիկներին և ուռուցքաբաններին  նա ներկայացնում է նորագույն մոտեցումները՝ ինչպես հետազոտել կանանց, ինչպես բաց չթողնել նոր սկսվող կրծքագեղձի քաղցկեղը։

Արթուր Ավետիսյանի այս դասախոսությունը Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում արդեն լսել են Արարատի, Արմավիրի, Կոտայքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, և Վայոց Ձորի ԱԱՊ օղակի մասնագետները։ Սա այն մարզերն են, որոնք ներգրավված չեն եղել կրծքագեղձի քաղցկեղի սկրինինգի պետական պիլոտային ծրագրում։ Հենց դա էլ պատճառ է հանդիսացել, որպեսզի «Հենարան» հիմնադրամը այդ մարզերի բժիշկների համար հատուկ ծրագիր մշակի՝ անհավասարությունը  հարթելու համար.

Ի դեպ, կրծքագեղձի քաղցկեղի պետական սկրինինգային ծրագրի գործելակարգերը ևս մշակել է «ՀԵՆԱՐԱՆ» հիմնադրամը։ Թեև «ՀԵՆԱՐԱՆ»–ի  հիմնական առաքելությունը պացիենտների շահերի պաշտպանությունն է, այն նաև կրթական ծրագրեր է մշակում, և դրանց շրջանակում իրականացվում է և՛ պացիենտների, և՛ բժիշկների իրազեկվածության բարձրացում։ Եվ այս սեմինարների շարքը այդ կրթական ծրագրերի մի մասն է։

Սեմինարիների գործընկերն է Առողջապահության ազգային ինստիտուտի Ուռուցքաբանության ամբիոնը։ Դրանք իրականացվել են ՀՀ-ում Նիդերլանդների թագավորության դեսպանատան ֆինանսավորմամբ։ Սեմինարի մասնակիցներին կշնորհվի 5 շարունակական մասնագիտական զարգացման կրեդիտ։

Մանրամասները՝ տեսանյութում։