Եվրոպական դատարանը իր նախադեպերից մեկով ասում է, որ դատարանը անձին հոգեբուժարան ուղարկելիս պետք է հաշվի առնի հոգեկան խանգարման սրությունը...

Հոգեկան խանգարումների ժամանակ հարկադիր բուժումը հոգեբուժարաններում պետք է միայն որպես ծայրահեղ միջոց կիրառվի։ Այս մասին լրագրողներին ասել է Մարդու իրավունքների պաշտպանի՝ սոցիալ-տնտեսական իրավունքների հարցերով տեղակալ Տաթեւիկ Խաչատրյանը։

Նրա խոսքով՝ Եվրոդատարանը իր բազմաթիվ նախադեպերով, ինչպես նաեւ մի շարք իրավական փաստաթղթեր նշում են, որ անձի հոգեկան խանգարումը նրան հոգեբուժարան տեղավորելու պատճառ չպետք է լինի, քանի որ դա հարցականի տակ է առնում մարդու՝ անձնական կյանքի, աշխատանքի, կրթության եւ այլ հիմնարար իրավունքները։ Հոգեբուժարանը կարող է եւ պետք է լինի ծայրահեղ լուծում այն դեպքերում, երբ այլ կերպ պարզապես հնարավոր չէ, պնդում է իրավապաշտպանը։

Տաթեւիկ Խաչատրյանի խոսքով՝ նույնիսկ եթե անձին հարկադրաբար հոգեբուժարան են տեղավորում, պետությունը պետք է ժամանակ առ ժամանակ ստուգումներ անցկացնի, պարզի, արդյոք հիվանդի վիճակը բարելավվել է, կամ արդյոք նա ենթակա է դուրս գրման։ Իսկ Հայաստանում քչերն են դուրս գրվում հարկադիր բուժումից։ Քաղաքացիական հասարակություն ինստիտուտ կազմակերպության զեկույցում վերլուծվել էր 2008-ից 1012 թվականներն ընկած ժամանակաշրջանը եւ պարզվել էր, որ 4 տարվա մեջ 2008 թվականին հարկադիր բուժման անցած հիվանդները դուրս չէին գրվել։

Ինչու՞ նրանք դուրս չեն գրվում, հարցնում է օմբուդսմենի տեղակալը։ Նրանք անբուժելի՞ են, թե՞ պետությունը հսկողություն չի իրականացնում, չի գնահատում նրանց վիճակը։

Տաթեւիկ Խաչատրյանի փոխանցմամբ՝ Եվրոպական դատարանը իր նախադեպերից մեկով ասում է, որ դատարանը անձին հոգեբուժարան ուղարկելիս պետք է հաշվի առնի հոգեկան խանգարման սրությունը։ Եթե դա թեթեւ խանգարում է, պետությունը պետք է այլընտրանքային մեթոդներով դրանք շտկի՝ անպայման չէ անձին փակել այդ հաստատություններում։