Գիտնականները զգալի առաջընթացի են հասել ԴՆԹ ուսումնասիրման ոլորտում, որը կարող է կարեւոր նշանակություն ունենալ քաղցկեղի ամենաահավոր տեսակներից մեկի բուժման համար։ Այս մասին գրել է The Guardian-ը։
Մեծ Բրիտանիայի եւ ԱՄՆ հետազոտողները պարզել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը կարող է անջատել մոլեկուլները օրգանիզմի կարեւոր գեներից մեկում, ինչը նպաստում է հիվանդության արագ խորացմանը։
Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը քաղցկեղային հիվանդությունների տարածվածությամբ զբաղեցնում է 12-րդ տեղը, այն ամեն տարի ախտորոշվում է ավելի քան կես միլիոն մարդու մոտ։ Քաղցկեղի այդ տեսակը ամենավատ ցուցանիշներն ունի ողջ մնալու առումով։
Դոկտոր Մարիա Հաթզիապոստոլոուն Ջոն վան Գիստի անվան քաղցկեղի ուսումնասիրման կենտրոնից (Նոթինգհեմ Թրենտի համալսարան) նշել է. «Այս աշխատանքը նոր ընկալում եւ տեղեկություն է տալիս քաղցկեղի վարքի մասին, ինչը, հուսով ենք, կօգնի ճանապարհ բացել ապագայում բուժման նոր մեթոդների համար»։
Նա ավելացրել է. «Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների ողջ մնալու հավանականությունն ամենացածրն է քաղցկեղի առավել տարածված 20 տեսակների շարքում։ Վերջին տարիները էական բարելավում չեն բերել այս հարցում, ուստի չափազանց կարեւոր է գտնել նոր մոտեցումներ այդ հիվանդության, դրա տարածվածության եւ ագրեսիվության առավել խոր ընկալման համար»։
Հետազոտությունը, որը հրապարակվել է Gastro Hep Advances ամսագրում, իրականացվել է առողջ հյուսվածքի եւ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հյուսվածքի նմուշների վրա։ Գիտնականները հայտնաբերել են, որ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղն ակտիվացնում է ԴՆԹ մեթիլավորման պրոցեսը, ինչը հանգեցնում է մոլեկուլների անջատման HNF4A գենում, որը սովորաբար կարեւոր դեր է խաղում՝ ուռուցքներին թույլ տալով արագ աճել։






