Հայաստանի առողջապահության նախարարությունը, հիմք ընդունելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության մոտեցումները եւ ուսումնասիրելով Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման կանխարգելման կենտրոնի կողմից առաջարկված մոտեցումները, հիվանդությունը կանխարգելելու նպատակով իրականացնում է հետեւյալ միջոցառումները`
- ՀՀ առողջապահության նախարարի հրամանով ամրագրվել են բոլոր հնարավոր կանխարգելիչ եւ հակահամաճարակային միջոցառումները։
- Ուժեղացվել է հսկողությունը պետական սահմանի ինչպես օդային, այնպես էլ ցամաքային անցակետերում։ Տեղադրվել են ջերմացուցիչներ, որոնք հնարավորություն են ընձեռում հեռավորության վրա հայտնաբերելու ջերմող հիվանդներին։
- Ձեռք են բերվել անհատական պաշտպանիչ արտահագուստների լրակազմ` անհրաժեշտության դեպքում կիրառելու համար։
- Բժշկական անձնակազմի իրազեկվածությունը բարձրացնելու նպատակով մշակվել է մեթոդական ուղեցույց։
- Մշակվել է հուշաթերթ ազգաբնակչության համար (կցվում է)։
- Ուղեւորներն իրազեկվում են ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին (հուշաթերթը կցվում է)։
- Ձերք են բերվել լաբորատոր կարողություններ, այն է` ախտորոշիչ համակարգեր։
- Իրականացվել են սեմինար դասընթացներ բուժանձնակազմի, տուրիստական կազմակերպություններ համար։
- Առաջարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանն արգելելու վայրի կենդանիների մուտքը հանրապետություն:
Աշխատանքները շարունակվում են, հայտնում են ՀՀ ԱՆ մամուլի ծառայությունից։
Առողջապահության նախարարությունը նաեւ տեղեկացնում է, որ Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը կամ Էբոլա հեմոռագիկ տենդը սուր ընթացքով վարակիչ հիվանդություն է:
Առաջին անգամ այս հիվանդությունն արձանագրվել է 1976 թվականին Էբոլ գետի հարակից բնակավայրում, որտեղից էլ ծագել է հիվանդության անունը: Հարուցիչը Էբոլա վիրուսն է:
Էբոլա վիրուսը մարդուն փոխանցվում է հիվանդ կենդանու կամ մարդու հետ անմիջական շփման արդյունքում (շփում արյան, ախտահարված օրգանների կամ շրջապատի առարկաների հետ): Հիվանդի վաղ հայտնաբերման դեպքում վերջինիս առողջանալու հնարավորությունը մեծանում է: Կա վիրուսի 5 ենթատեսակ, որոնք անջատվել են աֆրիկյան տարբեր բնակավայրերում:
Վիրուսի բնական պահոցը հատուկ տեսակի չղջիկներն են (այդպիսիք Հայաստանում չկան): Վիրուսը մարդկանց է փոխանցվում չղջիկների կամ հիվանդ վայրի որոշ կենդանիների (կապիկներ, խոզեր, մացառախոզեր, այծամներ) հետ սերտ արյունային կամ լորձային շփման (կծել, ճանկռել եւ այլն) կամ կենդանիների դիակների հետ շփման միջոցով:
Հիվանդությունը չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով:
Գաղտնի շրջանը մի քանի ժամից (առավել հաճախ` 48 ժամից) մինչեւ 21 օր է:
Բուժումն իրականացվում է միայն հիվանդանոցում՝ մեկուսացման պայմաններում:
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության հատուկ բուժումը բացակայում է:
Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ առկա չէ պատվաստանյութ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության գնահատմամբ վերջին 9-10 ամսվա ընթացքում աֆրիկական մի շարք երկրներում (Գվինեա, Սիերա Լեոնե, Նիգերիա, Լիբերիա, վերջերս նաեւ` Սենեգալ եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետություն) էբոլա վիրուսով հարուցված հիվանդության բռնկում կա։ Պետք է նշել, որ հիվանդությունը 2012 թվականի դեկտեմբերից հիմնախնդիր է հանրային առողջապահության մարմինների համար:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով մինչ օրս ամբողջ աշխարհում արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված 9000-ից ավելի դեպք, որից 4000-ը` մահվան ելքով:
Բացի աֆրիկական երկրներից էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեպքեր արձանագրվել են թե՛ եվրոպական, եւ թե՛ ամերիկյան տարածաշրջանի երկրներում, մասնավորապես`
Իսպանիայում արձանագրվել է էբոլա վիրուսով հարուցված հիվանդության 2 դեպք: Վերջիններս եղել են վանականեր, ովքեր աֆրիկական երկրներում օգնել են էբոլա վիրուսով հարուցված հիվանդների: Այնուհետեւ հոսպիտալացվել է 1 հիվանդ (բուժքույր, ով շփում է ունեցել հիվանդ վանականի հետ) եւ 2 կասկածելի հիվանդ (1 բուժքույր եւ նրա ամուսինը):
Կասկածելի դեպքեր են արձանագրվել նաեւ Միացյալ Թագավորությունում եւ Չեխիայում:
2014 թվականի սեպտեմբերի 29-ին ԱՄՆ Տեխասի նահանգում արձանագրվել էր մեկ հիվանդ (Թոմաս Դունկան, ով Լիբերիայից գնացել է Տեխասի նահանգ` հարազատների մոտ): Հոկտեմբերի 9-ին հիվանդը մահացել է: 80 կոնտակտավոր մեկուսացված են: ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնի պաշտոնական հայտարարությամբ (13.10.2014թ.) Տեխասի նահանգի Դալլասի հիվանդանոցում հիվանդությունը հաստատվել է մեկ բուժքրոջ մոտ, ով շփում է ունեցել մահացած այդ հիվանդի հետ:
Կասկածելի դեպք է արձանագրվել նաեւ Բրազիլիայում (հետազոտության ընթացքում է):
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը առաջարկում է`
- Բարձր պատրաստականության բերել առողջապահական կազմակերպությունները հիվանդների վաղաժամ հայտնաբերման, ախտորոշման, մեկուսացման եւ բուժման համար:
- Միջազգային նշանակության օդանավակայաններում ձեւավորել կարողություններ տենդով ուղեւորների հայտնաբերման եւ մեկուսացման համար:
- Իրազեկել ուղեւորներին ախտահարված երկրներ այցելության ժամանակ հնարավոր վտանգների մասին:








