Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիր, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102,000,000 եվրո արժողությամբ վարկ։ Այդ մասին որոշման նախագիծը Կառավարության հուլիսի 18-ի նիստին ներկայացրեց ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը:
Ծրագրի նպատակն է բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները:
«Վարկային ծրագրի փաթեթի նախապատրաստումը տևել է շուրջ 1 տարի, և սերտորեն աշխատել ենք ցուցանիշների մշակման ուղղությամբ»,- ասաց նախարարի առաջին տեղակալը՝ նշելով, որ «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի ընդունումից է կախված թե՛ ծրագրի անհրաժեշտությունը, թե՛ սահմանված ցուցանիշներին հասնելը:
Նախարարի տեղակալը նաև նշեց, որ նախագիծը հիմնված է և համահունչ է ՀՀ կառավարության՝ 2021-2026 թթ. ծրագրի, ինչպե նաև առողջապահության համակարգի՝ 2023-2026 թթ. զարգացման ռազմավարությանը:
Հիմնավորման մեջ նշվում է, որ Հայաստանի ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև նախատեսվում է ստորագրել «Համընդհանուր առողջապահական ծածկույթի ծրագրի իրականացում» վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 102 մլն եվրո արժողությամբ վարկ։
Ծրագրի նպատակն է` բարելավել առաջնային բժշկական օգնության որակը և իրագործումը, բարձրացնել Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետությունը և նվազեցնել առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտները:
Ծրագիրը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից․
- Բժշկական օգնության որակի բարելավում
Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է առաջնային բժշկական օգնության ծառայությունների որակի բարելավում՝ Հայաստանում հիվանդությունների տարածվածության ամենաբարձր մակարդակն ունեցող հիմնական ՈՎՀ-ները կանխարգելելու, հայտնաբերելու և վերահսկելու համար՝ ծառայությունների մատուցման բարեփոխումների միջոցով։
- Վարկառուի առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում
Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է ՀՀ առողջապահական ծախսերի արդյունավետության բարձրացում՝ անդրադառնալով կրիտիկական ծախսերի դրդապատճառներին, մասնավորապես՝ դեղագործական արտադրանքի համար կատարվող բարձր ծախսերին՝ բարեփոխումների միջոցառումների միջոցով։
- Առողջապահական ծառայություններից օգտվելու ֆինանսական խոչընդոտների նվազեցում
Սույն բաղադրիչի ներքո նախատեսվում է բարեփոխումների միջոցառումների իրականացում, այդ թվում՝ ԱՀԱ Ծրագրի բյուջետային տողի համար պետական ֆինանսավորման ավելացում, գործառնական և կառավարման հիմքերի ստեղծում՝ անկախ պետական գնումների կազմակերպության և դրա կառավարման խորհրդի ստեղծման միջոցով՝ հեշտացնելու ԱՀԱ միջոցների էֆեկտիվ եւ արդյունավետ կառավարումը և առողջապահական ծառայությունների ռազմավարական գնումը, ինչպես նաև առողջապահական նպաստների փաթեթի արժեքի և վերանայման գնահատման գործիքի մշակում:






