ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն աշխատանքային այցով մեկնեց Մոսկվա: Նախարարը հրավեր էր ստացել ԱՀԿ ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի (FCTC WHO) ղեկավարությունից, ինչպես նաեւ ՌԴ առողջապահության նախարար Վերոնիկա Սկվորցովայից։
Այցի շրջանակում Արմեն Մուրադյանը կմասնակցի Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծխախոտի դեմ պայքարի շրջանակային կոնվենցիայի կողմերի համաժողովի 6-րդ նստաշրջանին։ Միջոցառմանը հրավիրված են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 53 անդամ-երկրների առողջապահության նախարարները, բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Նստաշրջանի շրջանակում կկայանա նախարարական պլենար նիստ:
Մոսկվա կատարած այցի ընթացքում ՀՀ առողջապահության նախարարը հոկտեմբերի 15-ին կմասնակցի նաեւ Ռուսաստանի հայկական միության «Ռուսաստանի հայ բժիշկների ասոցիացիայի» կողմից կազմակերպվող Բժիշկների առաջին համառուսական համաժողովին, որի շրջանակում կկայանան նաեւ հանդիպումներ Մոսկվայում գործող հեղինակավոր հայազգի բժիշկների հետ, ձեռք կբերվեն համագործակցության պայմանավորվածություններ:
Արմեն Մուրադյանը Մոսկվայում կունենա նաեւ մի շարք պաշտոնական հանդիպումներ:






