Արտամարմնային բեղմնավորումը (IVF) բուժման գործողությունների մի շարք է, որոնք օգնում են հղիանալու դժվարություններ ունեցող զույգերին երեխա ունենալ:
Արտամարմնային բեղմնավորման ժամանակ կանայք՝ հղիանալու իրենց հնարավորությունները մեծացնելու համար հաճախ ինտենսիվ հորմոնալ թերապիա են անցնում: Ձվարանների խթանումը հնարավորություն է ընձեռում մեկ դաշտանային ցիկլի ընթացքում ավելի շատ ձվաբջիջ ստանալ, ինչը երկարաժամկետ հեռանկարում նշանակում է, որ զույգն ավելի կենսունակ սաղմեր կունենա:
Ինչպես հիշեցնում է ТАСС -ը, կանանց բեղմնվորությունը բարձրացնելու համար բժիշկներն օգտագործում են հետևյալ դեղերի լրակազմը.
Դեղորայք, որոնք խթանում են ձվարանների մի քանի ֆոլիկուլների (ձվարանների՝ ձվաբջիջ պարունակող կառուցվածքային բաղադրիչների) զարգացումը: Համապատասխանաբար, որքան շատ լինեն դրանք, այնքան ավելի շատ ձվաբջիջ կարելի է հավաքել հետագա բեղմնավորման համար (սովորաբար աճը խթանելու համար կիրառվում է ֆոլիկուլախթանիչ (գոնադոտրոպ) հորմոնը (FSH)։
Ձվաբջիջների հասունացմանը նպաստող դեղորայք։ Շատ կանայք, ովքեր արտամարմնային բեղմնավորում են անցնում, ընդունում են hCG հորմոնը (մարդու քորիոնիկ գոնադոտրոպին), որն օգնում է ձվաբջիջներին հասունանալ և պատրաստվել ֆոլիկուլային պարկերից ազատվելու համար:
Ձվազատման (օվուլյացիայի) վաղաժամ սկիզբը կանխող դեղորայք։ Եթե ձվազատումը վաղաժամ է սկսվում, ձվերը կարող են չհասունանալ, ինչը նրանց բեղմնավորման համար ոչ պիտանի է դարձնում:
Ձվազատում հարուցող դեղորայք։ Երբ ձվաբջիջները հասունանում են, կանայք սկսում են դեղամիջոցներ ընդունել, որոնք հետագա հավաքման և բեղմնավորման համար ստիպում են դրանք ազատվել ձվարաններից:
Արտամարմնային բեղմնավորման շրջափուլում հենց այս փուլն է համարվում ամենավտանգավորը. երկու-երեք շաբաթվա ընթացքում կինը լուրջ հորմոնալ թերապիա է անցնում, որն ազդում է նրա ինքնազգացողության վրա և կարող է հանգեցնել տարբեր կողմնակի բարդությունների, օրինակ՝ ձվարանների հիպերստիմուլյացիայի համախտանիշի (վիճակ. երբ ձվարանները այտուցվում և բորբոքվում են), ինչպես նաև փքվածություն, փորլուծություն և փսխում ներառող այլ ախտանիշներ:
Սրանք, ավաղ, հորմոնալ թերապիային վերագրվող միակ կողմնակի ազդեցությունները չեն: Ոմանք հավատում են, թե դրա հետևանքներից մեկը կարող է լինել քաղցկեղը: Ամենից հաճախ արտամարմնային բեղմնավորման անցնելու պատրաստվող կանայք վախենում են ձվարանների, կրծքագեղձի և արգանդի քաղցկեղի զարգացումից:
Արհեստական բեղմնավորման գաղափարը որպես վտանգավոր պրոցեդուրա հենց այնպես ի հայտ չի եկել։ Այս պտղաբերության բուժման վաղ ուսումնասիրությունները հաճախ կապ են գտել արտամարմնային բեղմնավորման և քաղցկեղի զարգացման միջև: Օրինակ՝ 1999 թվականի հունվարի 6-ին հեղինակավոր բժշկական The Lancet հանդեսում հրապարակվել է հետազոտություն, որը հաստատում է՝ արտամարմնային բեղմնավորում անցած կանայք ժամանակավորապես ենթակա են կրծքագեղձի կամ արգանդի քաղցկեղի զարգացման ավելի մեծ ռիսկի:
Ժամանակակից աշխատանքները, որոնք դիտարկում են արտամարմնային բեղմնավորում և ուռուցքների միջև կապի հնարավորությունը, նման միանշանակ եզրակահանգումներ չեն անում: Լավ օրինակ է 2021 թվականի խոշոր ամփոփիչ հետազոտությունը, որն ուսումնասիրել է կանանց օրգանիզմի վրա արտամարմնային բեղմնավորման համար նախատեսված հորմոնալ դեղամիջոցների ազդեցության հետազոտմանն առնչվող 100 հոդված: Թեև որոշ տվյալներ հուշում են հորմոնների (օրինակ՝ կրծքագեղձի) նկատմամբ զգայուն քաղցկեղի զարգացման աննշան աճի վտանգ, սովորաբար բացասական հետևանքները վնասում են երկար ժամանակ թերապիայի ենթարկվողներին: Այլ կերպ ասած, արտամարմնային բեղմնավորման մեկ շրջափուլը հազվադեպ է ազդում առողջության վրա. բացասական հետևանքների են ենթարկվում մեկ տարի կամ ավելի երկար ժամանակ հորմոնային բուժում անցնող կանայք: Բացի դրանից, քաղցկեղի առաջացման հավանականության վրա մեծ դեր է խաղում հիվանդների տարիքը. 40-ից բարձր կանայք ավելի շատ են հակված քաղցկեղով հիվանդանալու:
Այլ ուսումնասիրություններ ամբողջությամբ հերքում են քաղցկեղի և արտամարմնային բեղմնավորման միջև կապը: Բացի դրանից, ռիսկերի բացակայությունը հաստատվում է անպտղություն ունեցող կանանց ուսումնասիրած աշխատություններով, որտեղ նրանցից ոմանք բուժվել են արտամարմնային բեղմնավորմամբ, իսկ մյուսները՝ այլընտրանքային թերապիայի միջոցով: Ռիսկերի գնահատման այս եղանակը համարվում է ավելի ճշգրիտ, քանի որ վերահսկիչ խումբը ոչ միայն առողջ բնակչություն է, այլ նույն հիվանդությամբ տառապող, սակայն այլ եղանակներով բուժվող մարդիկ: Գիտնականները երկու խմբերում քաղցկեղի նկատմամբ զգայունության էական տարբերություններ չեն հայտնաբերել: Բացի դրանից, մասնագետները քաղցկեղի առաջացման ռիսկի բարձրացման և այս կամ այն դեղամիջոցների ընդունման միջև կապ չեն գտել: Մեկ այլ զարմանալի եզրակացություն, որին հանգել են հետազոտության հեղինակները, այն է, որ յոթից ավելի արտամարմնային բեղմնավորման շրջափուլերով անցած կանայք, ավելի քիչ են հակվածր քաղցկեղով հիվանդանլու, քան մեկ կամ երկու անգամ արտամարմնային բեղմնավորման ենթարկված կանայք:
Տեսակետկա նաև, որ արտամարմնային բեղմնավորումից հետո քաղցկեղի զարգացումն առնչվում է ոչ թե բուն պրոցեդուրային, այլ կնոջ մոտ անպտղության պատճառ դարձած գործոններին. օրինակ՝ պոլիկիստոզային ձվարանների համախտանիշին և ճարպակալմանը: Այսինքն՝ արտամարմնային բեղմնավորման ժամանակ ուղղակի խթանումը քաղցկեղի առաջացման վտանգի առումով չի վնասում կանացի օրգանիզմին։
Սակայն, իրականում, թե ինչպես պրոցեդուրան կանդրադառնա առողջության վրա, խիստ անհատական է: Կախված տարիքից, քաշից, խրոնիկ հիվանդությունների առկայությունից կամ բացակայությունից՝ հիվանդները բախվում են տարբեր ռիսկերի։ Իսկ հետազոտության մեջ առկա մեթոդաբանական սահմանափակումները հնարավորություն չեն տալիս ավելի ճշգրիտ արդյունքներ ստանալ (անպտղության շատ գործոններ ինքնին մեծացնում են քաղցկեղի առաջացման վտանգը): Այլ կերպ ասած, քանի որ այս ոլորտում հետազոտությունները հազվադեպ են պատահականության արգասիք, դրանց արդյունքները չեն կարող 100% օբյեկտիվ որակվել. վերջնականապես հաստատել կամ հերքել արտամարմնային բեղմնավորման և քաղցկեղի միջև կապն առայժմ չի հաջողվել:
Այսպիսով, արհեստական բեղմնավորմանն առնչվող ռիսկերի վերաբերյալ դեռ վաղ է միանշանակ եզրահանգումներ անել։






