Ջոնս Հոփկինսի համալսարանի հետազոտական թիմը մշակել է ներգանգային ճնշումը (ICP) ոչ ինվազիվ չափման ալգորիթմ՝ օգտագործելով կենսական նշանների տվյալները, որոնք սովորաբար ստուգվում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում:
Նոր եղանակը, կիրառելով խոր ուսուցման տեխնիկան, հնարավորություն է տալիս ICP չափումները կատարել ներկայիս՝ գանգի փորում պահանջող ստանդարտ մոտեցման հետ համեմատելի ճշգրտությամբ:
«Ոչ ինվազիվ ICP-ի չափումը բժշկության վերակենդանացման ոլորտում սուրբ Գրաալի պես մի բան է: Այս նոր տեխնիկան կարող է փոխել խաղը, քանի որ մենք կարող ենք առաջարկել ICP չափումներ ստանալու հնարավորություն՝ առանց այս խիստ ինվազիվ պրոցեդուրա անցնելու», - ասում է Ջոնս Հոփկինսի համալսարանի բժշկական դպրոցի անեսթեզիոլոգիայի և կրիտիկական վիճակի բժշկության ասիստենտ, հետազոտության ավագ հեղինակ Ռոբերտ Սթիվենսը:
Հետազոտական թիմը, որը ներառում է կենսաբժշկական ճարտարագիտության ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմ, անեսթեզիոլոգներ և նյարդավիրաբույժներ, իրենց հետազոտության արդյունքները հրապարակել են Computers in Biology and Medicine բժշկագիտական հանդեսում:
Ներկայում ICP-ի մոնիտորինգի ամենաարդյունավետ միջոցը գանգի վրա անցք փորելն է և ուղեղի հյուսվածքի մեջ ձողախողովակ մտցնելը՝ ալիքի ձևի մասին տեղեկություն հավաքելու նպատակով. դա բարձր ռիսկային միջամտությամբ պրոցեդուրա է, որը պահանջում է վիրաբուժական թիմի մասնակցություն և իրականացվում է միայն վերակենդանացման բաժանմունքում, վիրահատարանում կամ շտապ օգնության բաժանմունքում։ Գոյություն ունեն ICP-ի չափման այլ ոչ ինվազիվ մեթոդներ, սակայն քչերն են ապացուցել իրենց հուսալիությունը, և շատերն ICP-ի շարունակական չափումն ի վիճակի չեն ապահովելու:






