Հայաստանի այն դեղագործական ընկերությունները, որոնք դեռեւս GMP-սերտիֆիկացում չեն անցել, պետք է ձգտեն գործընթացը նախքան երկրի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցումը ավարտին հասցնել, քանի որ հակառակ պարագայում Միության շուկաների նկատմամբ հասանելիություն չեն ունենա, ենթադրում է «Լիկվոր» դեղագործական ընկերության գլխավոր տնօրեն Սերգեյ Մաթեւոսյանը:
NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցի ընթացքում նա նշել է, որ ԵԱՏՄ-ի նպատակը ապրանքների եւ ծառայությունների ազատ տեղաշարժի ապահովման համար համընդհանուր տնտեսական տարածքի ստեղծումն է: Սակայն պետք է նաեւ հաշվի առնել, որ դեղամիջոցն ինքնատիպ՝ մարդու առողջության հետ անմիջական կապ ունեցող ապրանք է, ուստի եւ դրա ազատ տեղաշարժ չի կարող լինել, համոզված է Սերգեյ Մաթեւոսյանը: Համենայն դեպս, այդ մասին նրա՝ բազմաթիվ համատեղ քննարկումների եւ գիտաժողովների մասնակցության փորձն է հուշում:
Չնայած ԵԱՏՄ անդամ-երկրների կանոնակարգող մարմինները դեռեւս վերջնականապես չեն կողմնորոշվել՝ վերահսկողության մեխանիզմների եւ սխեմաների հարցում, Ս.Մաթեւոսյանը ենթադրություն է հայտնել, որ երկրներից յուրաքանչյուրը փորձելու է իր արգելապատնեշներն ու սահմանափակումները ներկայացնել՝ դեղամիջոցների տեղաշարժի գործընթացում, իսկ GMP-սերտիֆիկացումը կարող է դեղորայքի՝ այս կամ այն անդամ-երկրի շուկա մուտք գործելու թույլտվության ելակետը դառնալ:
«Միանշանակ կարող եմ ասել, որ GMP սերտիֆիկատն առաջին եւ անհրաժեշտ պայմանն է, առանց որի ազատ տեղաշարժ չի կարող լինել: Երկրորդ հարցն այն է, թե արդյոք այն հաստատում կգտնի՝ ներկրող երկրների կանոնակարգող մարմինների կողմից: Համոզված եմ, որ՝ այո. հարցը չի շրջանցվի, եւ արտադրության՝ GMP-ստանդարտներին համապատասխանությունը կվերահսկվի», - նշել է Սերգեյ Մաթեւոսյանը:
Միեւնույն ժամանակ, Հայաստանի խոշորագույն դեղագործական ընկերության ղեկավարի համոզմամբ, GMP-սերտիֆիկացում անցած, ասենք՝ ռուսական կամ ղազախստանյան ընկերությունների արտադրանքը կարող է առանց արգելքների Հայաստան ներթափանցել եւ առավել ցածր գներով շրջանառվել, ինչը տեղական արտադրության համարժեք դեղամիջոցների՝ շուկայից դուրս մղման որոշակի հավանականություն է ենթադրում: «Այլ բան է, երբ արտադրող ընկերությունը շուկայագիտական վերլուծություն է իրականացնում, ընտրում այն երկիրը, որտեղ պատրաստ է, առեւտրային շահույթի ստացման նպատակով, գրանցման, ապրանքի առաջխաղացման հետ կապված ծախսեր կատարել: Սակայն երբ բոլոր արգելապատնեշները բաց են, եւ կարող ես, առանց որեւէ լուրջ ծախսեր իրականացնելու, շուկա մտնել, վաճառքների ծավալի հարցն այլեւս անկարեւոր է դառնում», - նշել է նա՝ հավելելով, որ հայկական շուկայի ուղղությամբ կարող է ջեներիկ արտադրանքի տարափ սկսվել, ինչն անմիջապես լուրջ մրցակցություն կստեղծի՝ հայ արտադրողների համար:
«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանում թողարկված ցանկացած արտադրանքի ինքնարժեքը բարձր է՝ Ռուսաստանում, Ղազախստանում եւ Բելառուսում արտադրվածների հետ համեմատությամբ, կասկած չի հարուցում, որ գնային մրցակցությունն առաջին պլան է մղվելու: Այստեղ մենք չափազանց լուրջ ռիսկեր ենք տեսնում», - նշել է Սերգեյ Մաթեւոսյանը: Նրա խոսքով, հայկական արտադրանքի ինքնարժեքը մի քանի պատճառներով, մասնավորապես՝ արտադրության փոքր ծավալների, աշխատանքի ցածր արտադրողականության, տրանսպորտային միջոցների եւ էներգակիրների թանկության հաշվին է բարձր:
Գործարարը նաեւ նշել է, որ, ի թիվս այլ տարբերությունների, հայկական շուկան ԵԱՏՄ երկրների շուկաներից նաեւ ավելացված արժեքի հարկն (ԱԱՀ) է բաժանում: «Հայաստանը միակ երկիրն է, որտեղ դեղամիջոցներ ներկրելիս ԱԱՀ-ով հարկում է գործում», - նշել է նա՝ հավելելով, որ ԵԱՏՄ-ին անդամակցելիս այդ հարցը եւս անպայման պետք է քննության առնվի: Մինչ այդ, խնդիրն այսօր լուրջ դիսկրիմինացիոն պայմաններ է ստեղծում հայ ներկրողների համար եւ ներքին շուկայում դեղամիջոցների գնի անհիմն բարձրացման հանգեցնում:
Սերգեյ Մաթեւոսյանը նաեւ տեղեկացրել է, որ Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցմանը վերաբերող հարցերի կարգավորման նպատակով աշխատանքային հանձնաժողով է գործում, որի ջանքերով դեղամիջոցների՝ Մաքսային միության տարածքում շրջանառությունը կարգավորող փաստաթղթի նախագիծ է մշակվում, որի քննարկմանը, սակայն, հայ դեղագործները մինչ այժմ որեւէ մասնակցություն չեն ունեցել:






