Հղիության ժամանակ ընկույզ ուտող կանայք, ովքեր ընկույզից ալերգիա չունեն, հազիվ թե ընկույզի նկատմամբ ալերգիա ունեցող երեխա բերեն, ցույց է տալիս նոր հետազոտությունը։
Հարվարդի բժշկական դպրոցի կլինիկական մանկաբուժության պրոֆեսոր, բժիշկ Մայքլ Յանգը եւ նրա գործընկերները ուսումնասիրեցին ավելի քան 8200 երեխայի տվյալները, ում մայրերը մասնակցել են Nurses' Health Study II կանանց առողջության հայտնի հետազոտական ծրագրին։ Կանայք հայտնել են, թե ինչպես են սնվել հղիությունից առաջ, հղիության ժամանակ եւ հետո։ Մոտ 300 երեխա սննդի նկատմամբ ալերգիա ունեին, նրանցից 140-ը՝ ընկույզների նկատմամբ։
Հետազոտողները գտան, որ այն մայրերի երեխաները, ովքեր շատ ընկույզ ու գետնանուշ էին ուտում, ունեին այդ սննդամթերքի հանդեպ ալերգիա առաջանալու ամենացածր ռիսկը, տեղեկացնում է Newsmax Health-ը։
«Սննդային ալերգիաները համաճարակ են դարձել», - ասաց բժիշկ Ռուչի Գուպտան Ֆեյնբերգ Հյուսիս-արեւմտյան համալսարանի բժշկական դպրոցից։
Այնուամենայնիվ, նոր տվյալները չեն ցուցադրում պատճառա-հետեւանքային կապը հղիության ժամանակ ընկույզ ուտող կանանց ու նրանց երեխաների մոտ ալերգիայի զարգացման ցածր ռիսկի հետ։ «Մեր հետազոտության արդյունքները այդքան ցայտուն չեն, որպեսզի հղի կանանց սննդակարգի համար խորհուրդներ տանք», - ասաց նա։






