Նախորդ շաբաթ՝ հոկտեմբերի 9-ին Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ բուժման նպատակով Լիբերիայից Գերմանիայի Լայպցիգ քաղաքում գործող Սբ. Գեւորգի հիվանդանոց տեղափոխված հիվանդը մահացել է:

«Չնայած ինտենսիվ թերապիային եւ բուժանձնակազմի առավելագույն ջանքերին, ՄԱԿ-ի մարդասիրական առաքելության 56-ամյա աշխատակիցը մահացել է՝ ծանր ինֆեկցիոն հիվանդությունից», - ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի վկայակոչմամբ, նշվում է բուժհաստատության կողմից տարածված հաղորդագրության մեջ:

Բժիշկներն ի սկզբանե հիվանդի վիճակը ծայրահեղ ծանր, բայց կայուն էին գնահատել: ՄԱԿ-ի աշխատակիցը Էբոլա հեմոռագիկ տենդի դեմ բուժման նպատակով Գերմանիայի տարածք տեղափոխված թվով երրորդ հիվանդն էր հանդիսանում: Առաջինը մինչ այժմ էլ շարունակում է բուժում ստանալ՝ Մայնի Ֆրանկֆուրտ քաղաքի բուժհաստատություններից մեկում, իսկ երկրորդը ընթացիկ ամսվա առաջին օրերին դուրս է գրվել համբուրգյան հիվանդանոցից: ԳԴՀ-ն, ընդհանուր առմամբ, մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակված 50 մարդկանց խնամքը կազմակերպելու հնարավորություն ունի: