ԱՄՆ Տեխաս նահանգում գործող բուժհաստատություններից մեկը կրակահերթի տակ է հայտնվել՝ երկրի տարածքում Էբոլա հեմոռագիկ տենդով ախտորոշված առաջին հիվանդին՝ մի քանի օր առաջ մահացած լիբերիացի Էրիկ Դունկանին առանց հետազոտության բաց թողնելու համար: Հիմա էլ նույն հիվանդանոցում Դունկանի խնամքով զբաղված բուժքույրերից մեկն է մահացու վտանգավոր հիվանդությամբ վարակվել: ԱՄՆ առողջապահական ոլորտը ներկայացնող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի հավաստիացմամբ, տեղի ունեցածի պատճառը Էբոլայով վարակմամբ կասկածվող հիվանդի նկատմամբ գործարկման ենթակա բժշկական կանոնակարգի խախտումն է:

Փորձենք հասկանալ, թե ինչ կանոնակարգի մասին է խոսքը, որի օգնությամբ հնարավոր է Արեւմտյան Աֆրիկայի մի շարք երկրներում ավելի քան 4 հազար մարդու կյանք խլած վիրուսով վարակմամբ կասկածվող հիվանդի մեկուսացումն ու խնամքն ապահովել:

Անցում՝ ստուգաթերթիկով

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի վկայությամբ, Էբոլա հեմոռագիկ տենդի ախտանշաններն են բարձր ջերմությունը, գլխացավը, փսխումը, փորլուծությունը, մկանային ցավը եւ արյունահոսությունը:

Սակայն ամենակարեւոր հարցն այն է, թե արդյոք հիվանդը նախընթաց երեք շաբաթների ընթացքում Էբոլայի զոհը դարձած տարածաշրջանի երկրներից որեւէ մեկում՝ Սիերա Լեոնեում, Լիբերիայում կամ Գվինեայում է եղել, քանի որ, CNN-ի վկայակոչմամբ, հիվանդության ինկուբացիոն շրջանը առավելագույնը 21 օր կարող է տեւել:

Հիվանդի մեկուսացում

Էբոլայով վարակման կասկածի առկայության պարագայում հիվանդին հարկավոր է անմիջապես առաձին զուգարանով մեկտեղանոց հիվանդասենյակ տեղափոխել, դեպի միջանցք տանող դուռն էլ՝ փակի տակ պահել: Բացի այդ, հիվանդասենյակ մտնող յուրաքանչյուր անձի վերաբերյալ պարտադիր գրանցում պետք է արվի: Խորհուրդ է տրվում նաեւ դռան մոտ պատասխանատու աշխատակցի կանգնեցնել՝ համոզվելու համար, որ բոլորը անձնական պաշտպանության միջոցներով են հիվանդասենյակ մտնում:

Անձնական պաշտպանության միջոցներ

Հիվանդի խնամքով զբաղվող բուժանձնակազմի անդամները պետք է պաշտպանիչ ձեռնոց, զգեստ, ինչպես նաեւ աչքերն ու դեմքը պաշտպանող միջոցներ կրեն: 

Երբեմն իրադրությունը պահանջում է առավել զգուշավոր գտնվել՝ երկու զույգ ձեռնոց, կոշիկների եւ ոտքերի համար նախատեսված հատուկ ծածկ կրել: Խոսքը, մասնավորապես, այն դեպքին է վերաբերում, երբ հիվանդի մոտ փսխում, արտաթորանք, կամ նշանակալի ծավալով արյունահոսություն է նկատվել:

Ճիշտ հերթականություն

Անձնական պաշտպանության միջոցներ կրելը բավական չէ. հարկավոր է նաեւ դրանք ճիշտ հերթականությամբ հագնել: 

Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհրդով, անձնական պաշտպանության միջոցները հագնելու եւ հանելու գործընթացը պետք է բուժաշխատողների մեկ այլ՝ վերապատրաստում անցած խմբի վերահսկողությամբ իրականացվի:

Նախ հարկավոր է կոմբինեզոն հագնել, այնուհետեւ՝ փակ, անջրանցիկ կոշիկներ, որին էլ կոմբինեզոնն ամբողջությամբ ծածկող պաշտպանիչ զգեստը պետք է հետեւի: Հաջորդիվ դիմակի, ակնոցների եւ գլուխը պաշտպանոց միջոցների հերթն է: Իսկ ամենավերջում, ձեռքերը լվանալուց հետո, հարկավոր է ձեռնոցները հագնել:

Այդուհանդերձ, անձնական պաշտպանության միջոցները հանելիս առավել ծայրահեղ զգուշություն պետք է դրսեւորել՝ սովորական հագուստի, աչքերի եւ լորձային մեմբրանների հետ շփումը բացառելու համար:

Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ամերիկյան կենտրոնի տնօրեն Թոմ Ֆրիդենի համոզմամբ, հենց անձնական պաշտպանության միջոցների հեռացման ընթացքում է վարակման ամենամեծ ռիսկը գործում: 

Այցելությունների բացառում

Որքան էլ որ ասվածը ակնհայտ հնչի, փորձագետները չեն դադարում հիշեցնել, թե հիվանդի մոտ այցելությունների բացառումը որքան վճռորոշ նշանակություն կարող է ունենալ, քանի որ այդ կերպ ոչ միայն իրենց՝ այցելուների, այլ նաեւ բուժանձնակազմի եւ երկրի ողջ բնակչության անվտանգությունն է ապահովում: Այդուհանդերձ, Թոմ Ֆրիդենի հաղորդմամբ, խիստ բացառիկ դեպքերում, երբ այցելությունը կարող է հիվանդի առողջական վիճակի վրա դրականորեն անդրադառնալ, հիվանդասենյակ մտնող յուրաքանչյուր կողմնակի անձ նախօրոք պետք է արտաքին զննում անցնի՝ տենդի եւ այլ ախտանշանների առկայությունը բացառելու նպատակով: