Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները պարզել են, որ ճարպակալումը մեծացնում է պահպանված արտամղման ֆրակցիայով սրտի անբավարարության զարգացման հավանականությունը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature Cardiovascular Research ամսագրում:
Փորձարկման համար հետազոտական թիմը օգտագործել է ճարպակալմամբ ու շաքարախտով տառապող 25 կամավորների սրտամկանի մկանային հյուսվածքի նմուշները, որոնց ախտորոշվել է պահպանված արտամղման ֆրակցիայով սրտի անբավարարություն՝ (HFpEF): HFpEF-ով հիվանդի սրտի կծկողականությունը գործնականում խախտված չէ, և սրտի ձախ փորոքի արտամղման ֆրակցիան (սրտի աշխատանքի արդյունավետության ցուցանիշը) պահպանված է:
Գիտնականները հետազոտել են հյուսվածքների նմուշները էլեկտրոնային մանրադիտակով, որը ցույց է տալիս մկանների կառուցվածքը շատ մեծ խոշորացմամբ։ Դրանից հետո HFpEF ունեցող մարդկանց սրտի հյուսվածքի կառուցվածքային առանձնահատկությունները համեմատել են 14 առողջ դոնորների հետ:
Պարզվել է, որ սրտի անբավարարություն ունեցող չափազանց գեր մարդկանց մոտ միտոքոնդրիաները (բջիջների էներգետիկ բաղադրիչները) չափերով ավելի մեծ են եղել, իսկ դրանց կառուցվածքը՝ վնասված։ Բացի այդ, գիտնականները մեծ քանակությամբ ճարպային կաթիլներ են հայտնաբերել ավելորդ մեծ քաշ ունեցող մասնակիցների միտոքոնդրիաներում։ Նման անցանկալի փոփոխություններն ավելի պակաս ավելորդ քաշով և շաքարային դիաբետով մարդկանց մոտ ավելի քիչ են արտահայտվել:
Գիտնականները պարզաբանել են, որ սրտամկանի աշխատանքի համար անհրաժեշտ էներգիան մատակարարում են միտոքոնդրիաները։ Նրանց աշխատանքի խափանումները կարող են հանգեցնել նյութափոխանակության գործընթացների խախտմանը և տարբեր հիվանդությունների զարգացմանը։






