Տասնյակ միլիոնավոր ախտորոշումների վերլուծությունը ցույց է տվել, որ 1965-1996 թվականներին ծնվածներն ավելի հաճախ են հակված հիվանդանալու քաղցկեղի 17 տեսակով, քան նրանցից առաջ ծնված ավելի ավագ սերունդները, գրում է Daily Mail-ը։
Գիտնականները վերլուծել են 25-84 տարեկան քաղցկեղով հիվանդ ավելի քան 23 միլիոն մարդու հիվանդության պատմությունները: 1920-1990 թվականներին ծնված հիվանդները ծննդյան տարեթվով պայմանավորված՝ բաժանվել են սերտախմբերի:
Հետազոտության ընթացքում բացահայտվել է, որ 1965-1979 թվականներին ծնված X սերնդի, ինչպես նաև 1980-1996 թվականներին ծնված միլլենիալների կամ Y սերնդի՝ 17 տեսակի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը երեք անգամ ավելի մեծ էր, քան 1946-1964 թվականներին ծնված բումերներինը (baby boomers): Նրանք, միևնույն ժամանակ, ավելի շատ էին տառապում կոլոռեկտալ քաղցկեղից, որի տարածվածությունն արագորեն աճում է մինչև 50 տարեկան մարդկանց շրջանում։ Նրանք միաժամանակ ավելի են հակված կրծքագեղձի, արգանդի, ձվարանների և ամորձիների ուռուցքներից տառապելու:
Գիտնականների բացահայտումը համահունչ է երիտասարդների շրջանում քաղցկեղով հիվանդացության աճի այլ տվյալների հետ: Մասամբ դա կարող է բացատրվել քաղցկեղի ավելի լավ ախտորոշմամբ: Սակայն ապրելակերպի գործոնները ևս իրենց ավանդն են ներդրել հիվանդության մեջ։
25-49 տարեկան մարդկանց շրջանում հիվանդացության ամենաարագ աճը արձանագրվել է ենթաստամոքսային գեղձի, բարակ աղիքի և երիկամների քաղցկեղի դեպքում, որոնք պայմանավորված են ճարպակալմամբ և ալկոհոլի չարաշահմամբ:
2022 թվականին ախտորոշվել է քաղցկեղի մոտ 20 միլիոն դեպք։ Գիտնականների կանխատեսումներով՝ 2050 թվականին այս թիվը կհասնի ավելի քան 35 միլիոնի։ Քաղցկեղի աճող բեռը մարդկանց կխանգարի ներդրում ունենալ տնտեսության մեջ՝ հանգեցնելով գործազրկության բարձրացման և ՀՆԱ-ի դանդաղ աճի: Արդյունքում մարդիկ առողջապահական նպատակներով ավելի քիչ ծախսեր կանեն: Դա իր հերթին հղի է արատավոր շրջանի հրահրմամբ:
«Տվյալներն ընդգծում են X և Y սերունդների շրջանում քաղցկեղի հիմնական ռիսկի գործոնների բացահայտման և դրանց վերացման անհրաժեշտությունը: Միաժամանակ շատ կարևոր է այդ սերունդների մարդկանց տեղեկացնել կանխարգելիչ ռազմավարությունների մասին»,- նշել են գիտնականները։






