Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն իր դիմումի համաձայն է դադարեցրել աշխատանքը ՀՎԿԱԿ–ում։ Այս մասին NEWS.am Medicine-ին ասաց ՀՎԿԱԿ-ի գլխավոր տնօրեն Ստեփան Աթոյանը։

Գայանե Սահակյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ ուզում է հանգստանալ, դա է պատճառը, որ ցանկացել է դադարեցնել աշխատանքը։

Հարցին՝ արդյո՞ք Առողջապահության նախարարի կամ ՀՎԿԱԿ–ի տնօրենի հետ լարված հարաբերություններ կան, և դրա հիման վրա է դիմում գրել, Սահակյանը նշեց, որ նման բան չկա, ուղղակի ցանկանում է հանգստանալ։

Աշխատանքից դուրս գալու մասին Սահակյանը գրել է ֆեյսբուքյան իր էջում, նշելով, թե աշխատանքային գործունեության տարիներին ինչ աշխատանքներ են արվել Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում և ինչ հաջողություններ են գրանցվել։

Ուշագրավ է, որ Սահակյանն իր գրառման մեջ անդրադարձել և շնորհակալություն է հայտնել Առողջապահության բոլոր նախարարներին, ում հետ աշխատել է, բացի՝ Անահիտ Ավանեսյանից։